Մատչելիության հղումներ

Կրակոցներ՝ Մերձավանի ղեկավարի տան դիմաց, կա մեկ զոհ. ինչ է հայտնի


Մեկ մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ է տեղի ունեցել: Այսօր հենց տան դարպասի վրա տեսանելի էին կրակոցների ու արյան հետքեր, ընդ որում՝ պարկուճները հասել էին նաև 30 մետր հեռավորության վրա գտնվող խանութ, որի ապակին ու արտաքին հատվածն էին վնասվել:

Մերձավանցիներն ասացին՝ կրակոցները գիշերը մոտավորապես մեկին են տեղի ունեցել, դրանք տևական են եղել։

«Կրակոցներից ենք մենք վեր կացել: Եկանք, արդեն մեկը մահացած էր», - ասաց նա:

Ինքը՝ գյուղապետ Մհեր Ախոտյանն այսօր հրաժարվեց լրագրողներին մեկնաբանություն տալ։ Նրա եղբայրը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ է Փարաքարում, հաստատեց, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Ըստ բարեկամներից մեկի, որը նրանց տան հարևանությամբ է ապրում, Մհեր Ախտոյանենց տանը հենց սպանված երիտասարդի ծննդյան տարեդարձն են նշել:

Թե ինչն է եղել ողբերգական միջադեպի պատճառը, առայժմ հայտնի չէ. այդ մասին խուսափում են տեղեկություններ հայտնել նաև Մհեր Ախտոյանի հարազատները, ինչպես նաև Քննչական կոմիտեն՝ պատճառաբանելով նախաքննությունը։ Մհեր Ախտոյանի եղբայրը՝ ՔՊ-ական Դավիթ Ախտոյանը, պնդեց միայն, որ տան վրա հարձակում է եղել։

Քննչականը արյունալի կրակոցներից ժամեր անց հայտնեց, որ երկու ձերբակալված կա, իրավապահները, սակայն, հրաժարվում են բացահայտել նրանց ինքնությունը։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել սպանության, խուլիգանության և ապօրինի զենք պահելու հոդվածներով։

Մերձավանում բնակիչները ևս խուսափում էին դեպքի վերաբերյալ որևէ մանրամասն հայտնելուց։ Միայն ասացին, որ Մերձավանի գյուղապետի մահացած ազգականը՝ Գրիգոր Օհանյանը, մինչ այս երբևէ աչքի չի ընկել վատ վարքագծով։

Գյուղացիները տեսախցիկից դուրս չէին բացառում, թե դեպքը հնարավոր է՝ քաղաքական դրդապատճառներ ունենար, բայց որևէ մանրամասն չէին հայտնում: Այս մասին նաև համայնքապետի ազգականները հրաժարվեցին խոսել:

ՔՊ-ական համայնքապետը, որի տան վրա է փաստացի տեղի ունեցել հարձակումը, անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեական գործով: Նրա խափանման միջոցը նոյեմբերին էր փոխվել՝ ազատ էր արձակվել չհեռանալու ստորագրությամբ:

Սա արտահերթ ընտրություններին պատրաստվող Փարաքար խոշորացված համայքին առնչվող առաջին քրեական պատմությունը չէ, նախորդ տարի էլ հենց խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավարն էր նման մի պատմության մեջ հայտնվել՝ Երևանում հնչած կրակոցներից ոտքից վիրավորվել։ Լյուդվիգ Գյուլնազարյանը սակայն, ավելի ուշ հերքել էր, թե ինքն առնչություն ունի դեպքի հետ։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG