Քննչական կոմիտեն հեռակա վարույթ է հարուցել Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյան նկատմամբ։ Գործը 2021 թվականի մայիսյան իրադարձություններին է վերաբերում, երբ Ադրբեջանը ներխուժել էր Սյունիքի Սև լճի տարածք:
Նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու համար։ Իրավապահները պնդում են, որ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ անհիմն բանավոր հրաման է տվել, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
«...այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը»,- ասված է պաշտոնական գրության մեջ։
Արշակ Կարապետյանը, որ ակտիվ ֆեյսբուքյան գրառումներ է անում և վերջին տեսանյութն էլ ռուսերենով հրապարակել է 24 ժամ առաջ, հետախուզման մեջ է։ Ի դեպ, նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտի օրը, մի գրառում էր արել հայերենով Արցախի մասին։ Ընդգծել էր, որ հարցը փակված չէ, Հայաստանի իշխանություններին անվանել «կոռումպացված ու կախյալ»։
«Արցախի հարցը փակված չէ։ Ողբերգությունն այն է, որ դրա մասին այսօր խոսում են բազմաթիվ երկրներ՝ բացի Հայաստանի կառավարությունից և նրա կոռումպացված ու կախյալ իշխանություններից»,- գրել է նախկին բարձրաստիճան զինվորականը։
Հեղափոխությունից հետո 3 տարի Կարապետյանը եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական, 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20-ը՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Պաշտոնավարման հենց այս ընթացքին է վերաբերում նրա մեղադրանքը, ըստ որի՝ նա սխալ հրամաններ է տվել: Այն ժամանակ, սակայն, այս հանգամանքը չէր խանգարել Փաշինյանին, որ 2021-ի հուլիսին Կարապետյանին նախ պաշտպանության փոխնախարարի, արդեն օգոստոսին էլ պաշտպանության նախարարի պորտֆելը վստահի: Ավելին՝ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելուց հետո էլ պնդել էր, թե Կարապետյանին համարում է իր թիմակիցը:
Այս պաշտոնում երեք ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ երկու տարի լռելուց հետո պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։
Մինչդեռ անցած տարի իր ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա դրա նախորդ օրն իրեն չի զեկուցել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։
«Նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը ինձ զեկուցել ա, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ կա՝ կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով ինձ չի զեկուցել», - ասել էր Փաշինյանը:
«Լսեցի մեր երկրի ղեկավարի կողմից ավանդույթ դառած սուտ ասելը: Կարապետյան Արշակը նոյեմբերի 14-ին գտնվել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում, և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին»,- «Բացահայտում» վերնագրով տարածած տեսանյութում ասել էր Կարապետյանը՝ սուտ որակելով Փաշինյանի պնդումները։
Այսօր տարածած հաղորդագրությունում Քննչական կոմիտեն հայտնել է, որ Արշակ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, որը, սակայն, փաստացի, հնարավոր չէ իրականացնել։
Հայաստանի կողմից հետախուզվող նախկին նախարարին անցած տարի դեկտեմբերին ռուսաստանցի իրավապահները հայտնաբերել էին Մոսկվայում, ձերբակալել, ապա ազատ արձակել: Կարապետյանը նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար է մեղադրվում: Ենթադրաբար Ռուսաստանում գտնվող նախկին նախարարը նաև քաղաքական հավակնություններ ունի՝ կուսակցություն է բացել: