Ֆրանսիայի նախագահն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիրն այսօր շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել: Ըստ «Վրացական երազանք»-ի՝ հեռախոսազրույցը կայացել է Էմանյուել Մակրոնի նախաձեռնությամբ։
«Վրացական երազանքի» հաղորդագրության համաձայն՝ Մակրոնն ափսոսանք է հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի համար ու ցանկություն հայտնել նպաստելու դրա լիցքաթափմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա օրերին կրկին խոսել՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։
Ավելի ուշ Ելիսեյան պալատը հաստատեց, որ զրույցը կայացել է Մակրոնի նախաձեռնությամբ, որը դատապարտել է քաղհասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումները, խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ուժայինների բռնի գործողությունները։
«Նա պահանջել է ազատ արձակել կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց ու հարգել խոսքի և հավաքների ազատությունը։ Նա կրկին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը շեղվել է իր եվրոպական ուղուց և հիշեցրել իր համոզմունքը, որ Եվրոպական միության և Վրաստանի հարաբերություններն անխուսափելիորեն կախված կլինեն ընդունված կամ կայացվելիք որոշումներից», - նշված է հաղորդագրությունում:
Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել ներառական երկխոսություն սկսել բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հարգել վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական ձգտումները։
Ավելի ուշ «Վրացական երազանք»-ի ֆեյսբուքյան էջում ևս մեկ հաղորդագրություն է հրապարակվել, որը հաստատել է տեղեկությունը, որ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է ձերբակալվածներին ազատ արձակելու հարցը:
«Կուսակցության հարգարժան նախագահը Ֆրանսիայի նախագահին բացատրել է, որ ձերբակալվածների մեծ մասը գտնվում է վարչական կալանքի տակ, և նրանք բոլորը մոտ ապագայում ազատ կարձակվեն։ Քրեական մեղադրանքներով կալանավորվածների վերաբերյալ Մակրոնին բացատրվել է, որ Վրաստանն իրավական պետություն է, և բոլոր հանցագործները պատասխանատվության են ենթարկվում իրենց կատարած հանցագործությունների համար՝ օրենքի պահանջների և ապացույցների ավելի բարձր չափանիշներին համապատասխան», - նշված է այդ հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ կուսակցության առաջնորդը Ֆրանսիայի նախագահին նաև բացատրել է, որ ոստիկանությունը ցուցարարների կողմից լայնածավալ բռնությունների դեմ գործել է եվրոպականից ավելի բարձր չափանիշներով։ Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին մոտ երկու շաբաթ առաջ, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները:
Ակցիաներն ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ ու բիրտ ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ: Այս ընթացքում ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել: