Մատչելիության հղումներ

Վրաստանի պետանվտանգություն․ «Ընդդիմությունը փորձելու է տապալել նախագահի ընտրությունը»


Բողոքի ցույց Թբիլիսիում՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու կառավարության որոշման դեմ, 8-ը դեկտեմբերի, 2024թ․
Բողոքի ցույց Թբիլիսիում՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու կառավարության որոշման դեմ, 8-ը դեկտեմբերի, 2024թ․

«Ընդդիմությունը փորձելու է տապալել դեկտեմբերի 14-ին կայանալիք նախագահի ընտրությունը», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի պետանվտանգության ծառայությունը։

«Ստացված տեղեկատվության համաձայն, ապակառուցողական և հանցավոր գործողությունների կազմակերպիչները պատրաստվում են ամեն կերպ խոչընդոտել Վրաստանի վեցերորդ նախագահի ընտրությանը՝ իշխանության արհեստական ճգնաժամ հրահրելով», - նշված է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Այս կառույցի պնդմամբ, հակակառավարական ցույցերի մասնակիցները առաջիկա օրերին պատրաստվում են սրել իրավիճակը, ինչին կհետևի երկու-երեք մարդկանց մահը։

«Այս «զոհաբերությամբ» նրանք փորձելու են նոր լիցք հաղորդել բողոքի ակցիաներին, նպաստել արմատական տրամադրությունների աճին, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի անկառավարելի գործընթացներին», - նշված է հայտարարության մեջ։

Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, թե մինչև 2028 թվականը կասեցվում են Եվրոպական միության հետ անդամակցության շուրջ բանակցությունները: Վերջին օրերին կառավարության հեռացման պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր էին անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետևանքով, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել:

XS
SM
MD
LG