Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուիլինան երկրում օրեր շարունակ ընթացող ցույցերից հետո՝ երկուշաբթի, հայտարարել է, որ ստիպված է եղել տեղափոխվել անվտանգ վայր՝ իր կյանքը պաշտպանելու նպատակով:
Ելույթ ունենալով ուղերձով՝ նա չի հայտնել իր գտնվելու վայրը, սակայն, ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրների և պաշտոնյաների, նախագահը երկիրը լքել է կիրակի օրը՝ Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռով:
Հայտարարությունը հաջորդել է 2009 թվականի հեղաշրջման ժամանակ Անդրի Ռաձուիլինային նախագահական իշխանությունը զավթել օգնած CAPSAT էլիտար ստորաբաժանման զինծառայողների՝ բողոքի ակցիաներին միանալուն, ինչի պատճառը ժանդարմի կողմից ստորաբաժանման զինծառայողներից մեկի սպանությունն է:
Բողոքի ակցիաները Մադագասկարում սկսվել են սեպտեմբերի 25-ին՝ ջրի և էլեկտրականության պակասի պատճառով, այնուհետև հակակառավարական բնույթ են ստացել՝ նախագահի հրաժարականի, Սենատի և ընտրական հանձնաժողովի լուծարման պահանջներով: ՄԱԿ-ում հաղորդել են, որ ցույցերի սկզբից մինչ օրս իրավապահների կողմից ուժ գործադրելու հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 100-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել: