Մատչելիության հղումներ

Մադագասկարի նախագահը հայտարարում է իշխանության զավթման փորձի մասին


Մադագասկար - Երեկվա բողոքի ցույցը Անտանանավիրուում
Մադագասկար - Երեկվա բողոքի ցույցը Անտանանավիրուում

Մադագասկարի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում «իշխանության ապօրինի և բռնի զավթման փորձ», - հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Հայտարարությունը հաջորդել է 2009 թվականի հեղաշրջման ժամանակ Անդրի Ռաձուիլինային նախագահական իշխանությունը զավթել օգնած CAPSAT էլիտար ստորաբաժանման զինծառայողների՝ բողոքի ակցիաներին միանալուն, ինչի պատճառը ժանդարմի կողմից ստորաբաժանման զինծառայողներից մեկի սպանությունն է:

CAPSAT-ի զինվորականներն այսօր հայտարարել են, որ ստորաբաժանումը ստանձնում է բանակի կառավարումը: «Հետայսու բանակի հրամանները՝ լինեն ցամաքային զորքերը, օդուժը կամ նավատորմը, արձակվելու են CAPSAT-ի կենտրոնակայանից», - հայտարարել է ստորաբաժանման սպայակազմը:

Հաղորդվում է, որ այսօր բազմահազարանոց հանրահավաք է կայացել մայրաքաղաք Անտանանարիվուում, որի մասնակիցների թվում են եղել եկեղեցու առաջնորդները և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահ Մարկ Ռավալումանանը, ինչպես նաև CAPSAT-ի զինծառայողները:

Բողոքի ակցիաները Մադագասկարում սկսվել են սեպտեմբերի 25-ին՝ ջրի և էլեկտրականության պակասի պատճառով, այնուհետև հակակառավարական բնույթ են ստացել՝ նախագահի հրաժարականի, Սենատի և ընտրական հանձնաժողովի լուծարման պահանջներով: ՄԱԿ-ում հաղորդել են, որ ցույցերի սկզբից մինչ օրս իրավապահների կողմից ուժ գործադրելու հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 100-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել:

Առայժմ չհաստատված տեղեկություններ կան նախագահի՝ Անտանանավիրուն լքելու մասին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG