Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն ավելի քան երեք տասնամյակ իշխանության ղեկին է, հերքել է Արևմուտքի քննադատությունը և կոչ արել մարդկանց ուշադրություն չդարձնել ընտրական գործընթացին արտասահմանյան երկրների արձագանքին:
Նա նախագահական ընտրություններում քվեարկելու համար Մինսկի ընտրատեղամաս է ներկայացել է իր սպիտակ շատ ուղեկցությամբ:
Բելառուսական ընդդիմությունն ու արևմտյան պետություններն այս ընտրություններն անվանել են ոչ ազատ և ոչ ժողովրդավարական:
«Ինձ համար միևնույն է՝ դուք {Արևմուտքը-խմբ.} ընդունում եք մեր ընտրությունները, թե ոչ», - քվեարկելուց հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասել է նա։
Associated Press-ի լրագրողը Լուկաշենկոյին հարցրել է, թե ում է մտադիր իշխանությունը փոխանցել երիտասարդ սերնդից, և երբ դա կարող է տեղի ունենալ: Լուկաշենկոն, որն ավելի վաղ ակնարկել էր իշխանությունը հանձնելու պլանների մասին, խուսափել է մանրամասներից. - «Երիտասարդ սերունդը ոչ իմ կրտսեր որդին է, ոչ էլ իմ ավագ որդին։ Ես ասել եմ, որ ապագա սերունդը երիտասարդության սերունդն է: <> Ես կտրականապես դեմ եմ կնոջը նման աշխատանքով ծանրաբեռնելուն, կինը չի կարող բռնապետ լինել»:
Բրիտանական BBC-ի լրագրողը Լուկաշենկոյին հարցրել է, թե ինչպես կարելի է ընտրությունները ժողովրդավարական անվանել, երբ նրա ամենաազդեցիկ հակառակորդները կա՛մ բանտում են, կա՛մ աքսորում: Լրագրողը հետաքրքրվել է նաև, թե ինչու են հայտնի քաղբանտարկյալներ Մարիա Կոլեսնիկովան և Սերգեյ Տիխոնովսկին մնում ճաղերի հետևում:
«Ինչ-որ մեկը բանտում է, ինչ-որ մեկը աքսորում է, և Դուք դեռ այստեղ եք։ Դա ընտրության հարց է։ Դա է ժողովրդավարությունը», - հայտարարել Է Լուկաշենկոն՝ հավելելով, որ երկրից ոչ ոք չի արտաքսվել, և որ քաղբանտարկյալներին «չեն լռեցնում նույնիսկ բանտում»:
Լուկաշենկոյի ընդդիմախոսներն այս ընտրություններին չեն մասնակցում և պնդում են, թե իրական մրցակցություն չկա․ առաջադրված թեկնածուները դրածոներ են՝ զուտ ընտրության պատրանք ստեղծելու համար։
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ արևմտյան դիտորդներ հրավիրված չեն, բանտերում շուրջ 1250 քաղբանտարկյալ կա՝ ըստ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության։ Նրանց մի մասը ճաղերի ետևում են 2020-ի ընտրություններից հետո, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան Լուկաշենկոյի հերթական, կեղծիքներով ուղեկցված ընտրության դեմ։ Բռնի ուժով ճնշելով բողոքի ալիքը՝ Լուկաշենկոն ազատազրկեց ավելի քան 65 հազար ցուցարարների, հարյուրավորները դատապարտվեցին երկարաժամկետ բանտարկության։ Նոր ընտրությունների շեմին նա նրանցից մի քանիսին ազատ է արձակել։ Ընդդիմադիր, վտարանդի Սվետլանա Տիխանովսկայան, սակայն, սա շինծու քայլ է որակել։