Մատչելիության հղումներ

Վտանգավոր խաղ է, նա կկործանի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին


Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանում է լրագրողների հարցերին, 26-ը հունվարի, 2025թ.
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանում է լրագրողների հարցերին, 26-ը հունվարի, 2025թ.

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը իրենից նեղանում է նրա համար, որ ժամանակին աջակցել է Ադրբեջանին: Պնդել է, թե ինքը միշտ «ջանացել է, որ պատերազմ չլինի», և որ այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարը «պրագմատիկ դիրքորոշում ուներ»:

«Այն, ինչ տեղի ունեցավ, մեղքը Հայաստանի ղեկավարությանն է, միայն նրանցը», - ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, թե իրեն ու Ռուսաստանի առաջնորդին զարմացրել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին:

Ավելի վաղ, երբ Լուկաշենկոն պաշտպանել էր Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի դեմ, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե ոչ ինքը, ոչ էլ որևէ հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այդ երկրում Ալեքսանդր Լուկաշենկոն է նախագահում։

Բացի այդ, Հայաստանի և Բելառուսի առաջնորդները վիճաբանեցին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Վեճը սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարեց, թե հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար՝ տեսակապի միջոցով։

Շարունակելով քննադատությունները՝ «Եվրոպայի վերջին դիկտատոր» անունը ստացած Լուկաշենկոն հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Եվրամիության հետ, ինչը, նրա կարծիքով, «կկործանի» Հայաստանը:

«Վտանգավոր խաղ է: Նա կկործանի Հայաստանը: Հանգստացրե՛ք նրան», - ասել է ավելի քան 30 տարի Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն:

Նա չի հերքել, թե Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիրն Ադրբեջանին զենք է վաճառել, ընդգծելով, որ բաց են եղել նաև Հայաստանի համար:

«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել», - ասել է Բելառուսի գործող ղեկավարը:

Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները:

XS
SM
MD
LG