Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց՝ ինքը նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ անձամբ շփում չի ունեցել։
Տիգրան Առաքելյանը նախքան կալանավորվելը պնդել էր, թե իրեն էլեկտրաշոկով խոշտանգել են Քննչական կոմիտեի Երևանի վարչության շենքում, պետի՝ Ազատ Գևորգյանի աշխատասենյակում, «Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերին»։
«Ազատություն»-ն այսօր Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյոք էլեկտրաշոկ ունի՞ իր աշխատասենյակում, նման բաներ տեղի՞ են ունենում։ ՔԿ նախագահը ի պատասխան հիշեցրեց, որ ՔԿ-ում նույն վարույթով ևս մի քանի անձ է նման հաղորդում ներկայացրել, դրա վերաբերյալ Հակառուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է։
«Ես անձամբ վարույթի նյութերին չեմ ծանոթացել, անկեղծ ինձ շատ չի հետաքրքրել, ես նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց», - հավելեց Քննչականի ղեկավարը։
Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի՝ խոշտանգման մասին հայտարարությունը քննելուց մեկ տարի անց Հակակոռուպցիոնը եզրակացրել էր՝ Արգիշտի Քյարամյանն ու բարձրաստիճան քննիչ Ազատ Գևորգյանը նրան չեն խոշտանգել, հետևաբար նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։
- Տիգրան Առաքելյանը մեղադրյալ է նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի ձևավորած խմբի կազմում շորթման, դատավորի բարի համբավն արատավորելու հոդվածներով։
- Այս գործի համար էին նրան կանչել Քննչական կոմիտե հարցաքննության։ Իրավապահները Առաքելյանի այս պնդումներից հետո խոշտանգման հոդվածով քրեական գործ էին հարուցել, բայց այն ամիսներ առաջ կարճվել է։ Այս որոշումը այժմ փաստաբան Դավիթ Ավագյանը բողոքարկում է դատարանում։