Մատչելիության հղումներ

4 տուժող, 4 ամսվա քննություն և ոչ մի մեղադրյալ. Քյարամյանին առնչվող խոշտանգման գործով դեռ նախաքննություն է ընթանում


4 տուժող, 4 ամսվա քննություն և ոչ մի մեղադրյալ՝ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այս ամիսներին փորձում է պարզել՝ իսկապես այս մարդկանց խոշտանգել են Քննչական կոմիտեի նախագահն ու Երևանի քննչական վարչության պետը, ինչպես որ հայտարարել են տուժողները։

«Ազգային անվտանգության ծառայությունն անում է այն, ինչ իրեն ասում են: Որևէ կառուց մեր երկրում չի կարող Քյարամյանի խոշտանգման դեպքն ինքնության բացահայտել», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանն ամիսներ շարունակ հետևում է նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ու մյուսների խոշտանգման գործին, ասում է՝ հենց սկզբից էլ կանխատեսել էր այս սցենարը, որ իրավապահները կձգձգեն ու մի օր էլ չի բացառվում՝ կփակեն այն։

«Ազգային անվտանգության ծառայությունը հասկանում է, որ պետք է իրենք դաբրո ունենան, որ Քյարամյանի դեմ գործ հարուցեն: Իրենք ուղղակի չեն կարող հայտարարել, որ նա խոշտանգել է», - նշեց Ալեքսանյանը:

Թե ի՞նչ գործողություններ են արել մինչև հիմա ԱԱԾ քննիչները, որ 4 ամսվա ընթացքում այդպես էլ չեն կարողացել հստակեցնել՝ արդյո՞ք Քննչականի պետ Արգիշտի Քյարամյանն ու նրա ենթական՝ Ազատ Գևորգյանը բռնություն են կիրառել հարցաքննվող Տիգրան Առաքելյանի ու մյուս երեք տղամարդկանց նկատմամբ, պարզ չէ։

Ըստ դատախազության՝ հունիսին խոշտանգման հոդվածով հարուցված քրեական գործով դեռ նախաքննություն է ընթանում։

Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից խոշտանգման մասին հաղորդում Տիգրան Առաքելյանից բացի ներկայացրել են Էդուարդ Ալեքսանյանը, Արման Մկրտումյանը և Արտակ Գալստյանը։ Այս չորսին մեկ գործ է միավորում՝ բոլորն էլ մեղադրյալ են հետախուզվող նախկին ոստիկան, «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի գործով։

Տիգրան Առաքելյանի փաստաբան Հովիկ Արսենյանը անողջամիտ է համարում, որ Առաքելյանի ու մյուսների մեղադրանքը շարունակում է քննել նույն քննչականը այն դեպքում, երբ այս կառույցի ղեկավարի դեմ խոշտանգման բողոք կա։ Ասում է՝ դատախազությունը չի էլ քննել՝ այս գործն այլ քննչական կառույց տեղափոխելու փաստաբանների բողոքը, ու ինքն էլ կասկածներ ունի, որ գործը տանում են փակման։

«Ինչպե՞ս է դա հնարավոր՝ մի կողմից տուժող է, կասկածվում են քննչական վարչության քննիչները, մյուս կողմից նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, քրեական հետապնդում է իրականացվում հենց այդ քննիչների կողմից», - ասաց փաստաբանը:

Քննչական կոմիտեն դեռ ամիսներ առաջ է կտրականապես հերքել իր ղեկավարի դեմ ուղղած մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն, անհեթեթ։ Քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանն» ասել էր՝ իրականության հետ կապ չունեն Առաքելյանի պնդումները։

«Հույս ունենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթով բոլորի արարքներին, նաև նման հայտարարություններին համարժեք և օբյեկտիվ իրավական գնահատականներ կտրվեն», - ասել էր Աբրահամյանը։

Եվ մինչ փաստաբաններն ու իրավապաշտպանները դժգոհում են, որ խոշտանգման գործը դոփում է տեղում, նույն Քննչականն ակտիվ նախաքննություն է իրականացնում Վարդան Ղուկասյանի գործով, որը որոնվում է ծանր հանցանքների համար, այդ թվում՝ հանցավոր խումբ ստեղծելու ու խոշոր գումարների շորթման համար։

Տիգրան Առաքելյանն, օրինակ, մեղադրվում է այդ հանցավորի խմբի կազմում Ղուկասյանին աջակցելու համար, մինչդեռ փաստաբանը հերքում է իր պաշտպանյալի ուղիղ կապը Ղուկասյանի հետ։

«Վկա է հայտնաբերվել, թե իբր ինքը լսել է խոսակցություն և Արտակ Գալստյանի միջոցով ճշտել է, որ դա Տիկոն է, թե էդ Տիկոն ո՞վ է, ի՞նչ է և այլն... Բնականաբար, միջնորդություն եմ ներկայացրել դրա հետ կապված, նաև ենթադրելի էր՝ նախաքննական մարմինը գրել է, որ բերված միջնորդությունն անհիմն է», - նշեց Հովիկ Արսենյանը:

Ղուկասյանը, որ հայտնի է իր հայհոյախառն եթերներով, հաճախ է վարկաբեկիչ բնույթ ունեցող պնդումներ անում տարբեր մարդկանց, ավելի հաճախ՝ պաշտոնյաների մասին։ Փաստաբանի խոսքով՝ Առաքելյանը մեկ անգամ է դիմել Ղուկասյանին, որ ինչ-որ մեկի մասին վատ տեղեկություններ չհաղորդի, թե ում՝ չի մանրամասնում։

«Տիգրան Առաքելյանը կարող էր ընդհանրապես ժխտել, որ Վարդան ղուկասյանի հետ հեռախոսակապ է ունեցել, որևէ ինֆորմացիա, որևէ փաստական տվյալ նրանք չունեն, Տիգրան Առաքելյանն է դա ասել անկեղծորեն», - ասաց նա:

Տիգրան Առաքելյանն ամիսներ առաջ ահազանգելով բռնության մասին՝ Ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերով պատմել էր, թե Արգիշտի Քյարամյանն իրենից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ ցուցմունք էր պահանջում՝ մասնավորապես, արդյո՞ք այդ երկու կառույցները տեղեկություններ են տվել իրեն, որ ինքն էլ, իր հերթին, Վարդան Ղուկասյանին փոխանցի։

XS
SM
MD
LG