«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Ավելի վաղ կուսակցությունից հայտնել էին, որ պատրաստվում են արտահերթ ընտրությունների։
Ի՞նչ փոխվեց, արդյոք պատրաստվո՞ւմ են ավագանու իրենց 11 հոգանոց կազմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել։ Խմբակցությունից ասում են՝ ավելի ուշ կպարզաբանեն։
Արտահերթ նիստը կկայանա, եթե ավագանու 20 անդամներից 17-ը ներկա լինեն։ 3 մանդատ ունեցող «Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հրավերը ստացել են, բայց դեռ խմբակցությունում չեն քննարկել մասնակցել-չմասնակցելու հարցը։ Իսկ 2 մանդաt ունեցող ՀՀԿ-ն արդեն որոշել է, որ ՔՊ-ի օրակարգով հրավիրած նիստին չեն մասնակցի։
2 մանդատ ունեցող «Ապրելու երկիր» խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն։ Խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասում է՝ փորձում են հասկանալ՝ որ տարբերակն է ավելի նախընտրելի, որ չստացվի ավագանին լուծարելու համար նիստին մասնակցի՝ քվորում ապահովի, բայց արդյունքում ՔՊ-ին հաջողվի համայանքի ղեկավար ընտրել։ «Ապրելու երկիր»-ն արտահերթ ընտությունների անցկացման կողմնակից է ու հնարավորինս շուտ, ասում է խմբակցության ղեկավարը։
«Դրա համար պետք է կողմ քվեարկել, դեմ քվեարկել, ներկա չգտնվել. այս պահին քննարկումների փուլում ենք, հասկանանք, թե որ քայլն է ճիշտ, որպեսզի մեր հետագա քայլերին չվնասի այն առումով, որ մենք միանշանակ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» ունենա համայնքապետի թեկնածու, այդ թեկնածուին կողմ չենք քվեարկելու, բայց այնպես էլ չստացվի, որ կրկնվի Երևանի օրինակը, և մենք հանկարծ ներկա գտնվենք, այդ պարագայում մեր կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելը ոչ մի էական նշանակություն չունի», - ասաց նա։
Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը ևս հրավեր ստացել է։ Հարցին՝ մասնակցելու է, թե ոչ, կարճ պատասխանեց. - «Ինձ որպես ավագայուն անդամ չի ուղարկված նիստ հրավիրելու որոշում համայնքի ղեկավարի կամ առաջին տեղակալի կողմից»։
Եթե ավագանին նոյեմբերի 8-ին նիստ գումարի, բայց համայնքի ղեկավար չընտրի, ըստ օրենքի՝ ավագանին 14 օր ժամանակ կունենա կիկին նույն օրկարգով նիստեր հրավիրելու։ Եթե չհաջողվի, ապա մի քանի օրից կդրվի ավագանին լուծարելու հարցը։ Դրանից հետո կրկին ըստ օրենքի՝ ամենաուշը քառասունօրյա ժամկետում արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն։ Այս հաշվարկով այն հունվարի առաջին կեսին կկայանա։ Ամեն դեպքում քաղաքապետի հրաժարականից հետո նախ ավագանու նիստը պետք է գումարվի նոր ղեկավար ընտրելու օրակարգով։ Սա պարտադիր քայլ է, որից հետո պարզ կդառնան հնարավոր զարգացումները։