ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ կանցկացնի, «Ազատության»-ը փոխանցեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ նշելով, որն խմբակցությունը քննարկելու են վաղը մեկնարկող հերթական նստաշրջանի հարցերը:
«Մենք ամեն քառօրյայից առաջ նման նիստ ունենում ենք», - ասաց Պողոսյանը:
Մամուլում տեղեկություններ կան, որ իշխանական խմբակցության օրակարգում է նաև ԱԺ էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցը, որը պետք է քննի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքը։
Կա՞ նման հարց օրակարգում, թե՝ ոչ, Պողոսյանն ասաց՝ տեղյակ չէ:
Այսօր լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը նշել է. «Թող Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկի, հարցերի պատասխանը տա, հետո Ազգային ժողովում, եթե կարիք լինի, այդ մասին էլի կխոսվի»:
Հանձնաժողով ստեղծելու առիթը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ միջադեպն էր: Պատգամավորը պահանջում էր, որ լրագրողը կանգնի իր ուզած տեղում, հակառակ դեպքում սպառնում էր մյուսներին էլ հարցազրույց չտալ, հետո էլ վիրավորեց Ջեբեջյանին:
Քոչարյանը այսօր կրկին պնդեց՝ լրագրողին վիրավորելու միտում չի ունեցել:
Լրագրողական կազմակերպությունները պահանջեցին, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի, ներողության փոխարեն նա արդարացավ, թե իրեն սխալ են հասկացել: