Մատչելիության հղումներ

ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար դիմածների մոտ 70 տոկոսը հաստատվել է


«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու լսումներն ավարտվել են, այժմ ամփոփվում են վերջնական տվյալները, «Ազատությանը» հայտնեց վարչության անդամներից Հասմիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ստացված դիմումների մոտ 70 տոկոսը հաստատվել է: Շաբաթներ շարունակ կուսակցության վարչությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստերին հրավիրում և հարցեր էր ուղղում պատգամավորի թեկնածուի հավակնորդներին:

«Դեռ չեն ամփոփվել արդյունքները, երբ ամփոփվի, կարծում եմ՝ աշխատակազմն ավելի հստակ Ձեզ կպատասխանի, բայց, որքանով ես եմ մոտավոր հաշվել, այո, շուրջ 300 հաստատված թեկնածու կա: Թեկնածուների սկզբնական թիվը 383 էր, եթե հիշում եք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Հոկտեմբերի վերջին իշխող ուժից հայտարարեցին՝ ՔՊ ցուցակում ընդգրկվել ցանկացողները պետք է ինքնառաջադրվեն: Մեկ ամիս տևած այս գործընթացից հետո պարզ դարձավ, որ ընտրական ցուցակում չեն լինի «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, 2021-ին ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դարձած նախկին գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը: Նրանք պնդել էին, թե դա իրենց որոշումն է: Բայց պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողներից մի քանի ՔՊ-ականներ արդեն վարչության որոշմամբ են դուրս մնացել ընտրացուցակից: Վարչությունն այս շաբաթ երկրորդ անգամ մերժեց Հայկ Սարգսյանին, Ջուլիետա Ազարյանին, Հայկ Ցիրունյանին և Կարեն Սարուխանյանին: Այս ՔՊ-ականներից միակը, որ հրապարակային դժգոհել էր կուսակցության վերնախավի որոշումից Հայկ Սարգսյանն էր:

«Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետևյալում՝ ես օրենքի նախագիծ եմ հեղինակել, սկզբնական շրջանում դրան դեմ է եղել Ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը, խոսքը վերաբերում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն», - հայտարարել է Հայկ Սարգսյանը:

Սարգսյանի ակնարկը վերաբերում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը մշտապես հերքել է իր կապը բուքմեյքերական ընկերությունների հետ: Սեփական թիմակիցների վերջնական մերժումից հետո ինչ է անելու Հայկ Սարգսյանը, այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց, նա զանգերին չպատասխանեց: Սարգսյանի ֆեյսբուքյան էջում ևս այդ թեմային անդրադարձ չկա, փոխարենը իր բարեգործության մասին պատմող կարճ տեսանյութ է այսօր հրապարկել: Կադրերում նաև եղբայրն է՝ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, ՔՊ-ն նաև նրա թեկնածությունն է
մերժել:

Բողոքարկումներից ու կրկին մերժվելուց հետո թիմին հավատարիմ մնալու մասին է հայտարարել պատգամավոր Կարեն Սարուխանյանը, պնդելով, թե ցանկացած դեպքում իր կուսակցության կողքին է լինելու: Սարուխանյանը Գյումրիի ընտրություններից առաջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն էր, բայց նախ թմրանյութերի հետ կապված մի պատմության մեջ ընկավ, հետո թեստ հանձնեց՝ զուգահեռ զրկվելով թեկնածուի կարգավիճակից: ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Ջուլիետա Ազարյանն Ազատության հետ զրույցում պնդեց՝ ինքը վարչության որոշումը չի էլ բողոքարկել, թեև վարչապետի հրապարակած կադրերում նաև Ազարյանն է: Նիկոլ Փաշինյանն ինքն էր այդ տեսանյութին կից գրառում արել և պնդել, թե քննարկել են բողոքարկումները:
«Ես ինչպես և նշել էի, այդպես էլ հիմա վերահաստատում եմ՝ ես ոչ մի բողոքարկման դիմում չեմ ներկայացրել և չեմ ներկայացրել մի փաստաթուղթ, որի մեջ բողոքարկում բառը կգտնեք: Վարչության հետ քննարկում է տեղի ունեցել, այսպես ասած՝ հետագայում քաղաքական գործունեության վերաբերյալ, իհարկե, հիմա չեմ կարող չակերտներ բացել, բայց որոշակի արդեն պատկեր արտացոլվել է», - ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը:

Նա այսօր դարձյալ պնդեց՝ իր ռեսուրսով ու փորձով պատրաստ է աշխատանքը շարունակել նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Վարչության անդամներից Հասմիկ Հակոբյանն ասաց՝ ցուցակներում փոփոխություններ բոլոր ընտրություններից առաջ էլ կարող են լինել, վստահեցրեց՝ ցուցակից դուրս մնացած իրենց գործընկերներին այլ ոլորտներում կտեսնենք: Իսկ արդյուքներից ՔՊ -ական Հակոբյանն ասաց՝ գոհ են. նոր մարդիկ են համալրելու իրենց շարքերը: Թե ովքեր են իրենց միացածները, դեռ անուններ տալ չցանկացավ:

«Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կան, օրինակ՝ բժիշկ, դերասան, ուսուցիչներ, հիմնականում նաև այն մարդիկ, որոնց մինչ այժմ չենք հասցրել ճանաչել, բոլորը հիմնականում հենց «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կրողն են իրենց համարում, ուզում են իրենց ներդրումն ունենալ այս ընթացքում, խաղաղության օրակարգն են կիսում, աջակցում ու հավատում են այդ օրակարգին», - շեշտեց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Հաստատված ցուցակն արդեն վերջնական տեսք կստանա ՔՊ համաժողովից հետո: Մինչև այդ շուրջ 300 հոգի, որոնց թեկնածությունները հաստատվել են, պետք է վճարումներ անեն, գերակշռող մասը ՔՊ-ականներ են. նրանք կմուծեն 500 հազար դրամ, իսկ անկուսակցականները՝ 1.5 միլիոն դրամ: Հասմիկ Հակոբյանը վստահեցրեց՝ հավաքված գումարը կուղղվի կուսակցական ծախսերին:

XS
SM
MD
LG