«Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկվելու հայտեր է ընդունում: Այսօր տարածած հաղորդագրությամբ իշխող ուժից ցանկացողներին առաջարկում են նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ինքնառաջադրվել:
«Սա վկայություն է այն բանի, որ մենք թափանցիկ կուսակցություն ենք և առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքներով։ Եվ առիթը օգտագործելով՝ կոչ անեմ մյուս կուսակցություններին հետևել այս բացառիկ օրինակին», - ասաց ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։
Ինքնաառաջադրման համար անհրաժեշտ է կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաև ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։ Կուսակցության ղեկավար մարմինը՝ վարչությունը կորոշի, թե դիմողներից ով կանցնի քասթինգը: Արսեն Թորոսյանը, որ թե' նախկին, թե' այս նոր ձևավորված վարչության կազմում է, չի պատրաստվում որևէ մեկի համար երաշխավոր լինել, ընդգծեց. «Ես ինքս ոչ մեկին չեմ տալու երաշխավորություն, որովհետև, ես կարծում եմ, որ հնարավորինս կուսակցական պետք է լինեն մեր ցուցակները, թեև օրենքը նախատեսում է, որ կարող է 30 տոկոսը լինել ոչ կուսակցական, և մենք հիմա էլ ունենք ոչ կուսակցական կամ ունեցել ենք այլ կուսակցությունների անդամ պատգամավորներ»։
ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է նաև վճարեն առաջադրման համար՝ կուսակցականները 500 հազար դրամ, ոչ կուսակցականները մեկ ու կես միլիոն. «Մենք ունենք այսպիսի ինստիտուտ, որ մեր աշխատավարձից ստացած եկամուտների երեք տոկոսը վճարում ենք կուսակցության բյուջե և այնպես է ստացվում, որ ոչ կուսակցականները դա չեն անում, որը հինգ տարվա ընթացքում մոտավորապես մեկ միլիոն դրամ է կազմում։ Ուզում ենք արդարություն լինի, որ ոչ կուսակցական պատգամավորը, քանի որ ընտրվում է կուսակցական ցուցակով, նույնպես մասնակցի կուսակցության ծախսերի ապահովմանը», - ասաց Արսեն Թորոսյանը։
Եթե անգամ ինքնառաջադրվածներին վարչությունը ընտրի, և նրանք վճարումներն անեն, դա դեռ չի նշանակում, որ կհայտնվեն ՔՊ նախընտրական ցուցակում: Այս հարցում որոշիչ են կուսակցության համաժողովում պատվիրակների ձայները: Առնվազն երեք տասնյակը քվեարկությամբ կձևավորվի: Ցուցակի առաջին համարն էլ կլինի վարչապետի թեկնածուն:
Արսեն Թորոսյանի խոսքով. «Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ, դա էլ է որոշվելու համաժողովով և առաջին համարը օրենքով է նաև վարչապետի թեկնածուն»։
Նախորդ երկու համապետական ընտրություններում մեծամասնության քվեն ստացած «Քաղաքացիական պայմանագրում» վստահ են՝ 2026-ին էլ նույնը կլինի: Արսեն Թորոսյանը պնդում է՝ խաղաղություն են հաստատել, հենց դրա համար էլ կհաղթեն. «Մենք մեր կատարած աշխատանքով, մեր ծրագրով ու մեր տեսլականներով իրական Հայաստանի, խաղաղության այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրություններում»։
2021-ի խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի անց ադրբեջանական զորքը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք: Պաշտոնական տվյալներով՝ օկուպացված է ավելի քան 200 քառակուսի կլիոմետր տարածք: Մինչ այժմ հստակ չէ, թե երբ ադրբեջանական զորքը դուրս կգա Ջերմուկի և գրավյալ մյուս տարածքներից: Իշխող ուժի առանցքային անդամ Արսեն Թորոսյանը այս հարցում իշխանության մեղավորությունը չի տեսնում. «Տարածքային կորուստներ չենք ունեցել։ Եթե հարձակվել են մեզ վրա, տարածքներ են օկուպացրել, դա ի՞մ մեղքն է, որ մենք տարածքներ....իշխանության մեղքը չէ, դա մեր պետության վրա հարձակում է եղել, որին մենք դիմադրել ենք և բազմաթիվ, հարյուրավոր զինծառյաողներ մահացել են դրա համար։ Դա պարզապես անպատվաբեր է այդպիսի արտահայտություններ անելը», - լրագրողների հետ զրույցում ասաց Թորոսյանը։
ՔՊ-ական պաշտոնյան եզրափակեց՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանազատումից հետո կվերականգնվի: Ադրբեջանից հրապարակային երբևէ չեն ընդունել, որ հայկական տարածքներ են օկուպացված պահում: