Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից: Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն՝ հրամանագիրն ապրիլի 17-ին ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պատճառների մասին հայտնի չէ:
Հայ-բելառուսական հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են:
Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ ավելի քան ութ ամիս է Հայաստանից որևէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երևանը Մինսկից նաև դեսպանին է հետ կանչել, մինչ օրս նա Հայաստանում է, վերադարձի մասին խոսք չկա: Այս ամենի պատճառն անցած տարվա մայիսին Լուկաշենկոյի Ադրբեջանում արած հայտարարությունն էր, թե ինչպես են Բելառուսում հավատացել Ադրբեջանի հաղթանակին:
Սրանից զատ, արդեն այս տարեսկզբին ասուլիսի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն տարակուսած հարցրել էր, թե ինչո՞ւ են Հայաստանի պաշտոնյաները իրենից նեղացել, երբ ինքն ամեն ինչ է արել, որ «պատերազմ չլինի»: Լուկաշենկոն, որ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորում էր Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի կորստի հարցում մեղավոր էր որակել վարչապետ Փաշինյանին:
Երևանն ու Մինսկը դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: Ռազմաքաղաքական դաշինքում Հայաստանն անդամակցությունը սառեցրել է, իսկ տնտեսական միությունում համագործակցությունը շարունակվում է: Ընդ որում՝ այս տարի կառույցում նախագահողը Բելառուսն է: