Մատչելիության հղումներ

Կխզվե՞ն հայ - բելառուսական հարաբերությունները. իշխանությունից արձագանքում են


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ողջունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 1-ը հոկտեմբերի, 2019թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ողջունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, 1-ը հոկտեմբերի, 2019թ.

Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ Արտգործնախարարությունից դեռ չեն արձագանքել Նիկոլ Փաշինյանին ուղղված Ալեքսանդր Լուկաշենկոյի քննադատությանը: Հայ - բելառուսական լարված հարաբերությունների պայմաններում հնարավո՞ր է Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ավելի նվազեցնի կամ որոշի խզել դրանք: Մինչ Արտգործնախարարությունը լռում է, Ազգային ժողովի նախագահն ասում է՝ հարցը քննարկման ենթակա է:

«Կարծում եմ՝ դա քննարկելու հարց է, և ես չեմ ուզում իմ կարծիքը և իմ դիրքորոշումը հայտնել: Կարծում եմ՝ մեր համապատասխան գերատեսչությունը, եթե նման կարծիք լինի, դրա մասին կարտահայտվի», - նշեց Ալեն Սիմոնյանը:

Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ ավելի քան կես տարի է Հայաստանից որևէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երևանը Մինսկից նաև դեսպանին է հետ կանչել, մինչ օրս նա Հայաստանում է, վերադարձի մասին խոսք չկա: Այս ամենի պատճառն անցած տարվա մայիսին Լուկաշենկոյի Ադրբեջանում արած հայտարարությունն էր, թե ինչպես են Բելառուսում հավատացել Ադրբեջանի հաղթանակին:

«Բելառուսը ղեկավարող անձը այսօր փորձում է ստեղծված իրավիճակից ինչ-որ ելք գտնել: Իսկ ի՞նչ է ստեղծված իրավիճակը՝ ստեղծված իրավիճակը այն է, որ ինքը բացեիբաց հայտարարել է, որ ինքը մասնակցել է և աջակցել է հայերի լայնածավալ սպանությանը Ղարաբաղի տարածքում», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ոչ թե ափսոսում էր Ադրբեջանին աջակցելու իր հայտարարության համար, այլ տարակուսում՝ ինչո՞ւ են Հայաստանի պաշտոնյաները իրենից նեղացել, երբ ինքն ամեն ինչ է արել, որ «պատերազմ չլինի»: Լուկաշենկոն, որ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորում էր Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի կորստի հարցում մեղավոր է համարում վարչապետ Փաշինյանին:

«Այն, ինչ տեղի է ունեցել, միայն Հայաստանի ղեկավարության մեղավորությունն է, Լեռնային Ղարաբաղն ու Ստեփանակերտը ճանաչեցին Ադրբեջանի տարածք: Մենք՝ ես ու Պուտինը, ապշել էինք, զանգեցի նրան, հարցնում եմ՝ լսեցի՞ր, ասում է՝ լսեցի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեև այդ պահին Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա և նվեր, ո՞վ չէր օգտվի», - նախօրեին հայտարարեց Լուկաշենկոն:

Ալեքսանդր Լուկաշենկոն Լեռնային Ղարաբաղի հարցում նախկինում ևս չի թաքցրել ադրբեջանամետ դիրքորոշումը: Օրինակ , 2016-ի քառօրյային, երբ ՀԱՊԿ-ից հայտարարում էին, թե լարվածության պատճառն Ադրբեջանն է, նույն այդ օրերին Բելառուսից պնդում էին, թե Ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա»:

Հայաստանի արտգործնախարարությունը դեռ այն ժամանակ էր հայտարարել, թե Բելառուսն այդպես խրախուսում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցն իրականում այլ պատճառով է վրդովեցրել Բելառուսին և հատկապես Ռուսաստանին:

«Իրենք ուզում են, և հատկապես՝ Ռոուաստանի Դաշնությունը, որ մի թոկ ունենան մեր վզին մշտական, որպեսզի կառավարեն մեզ էլ, Ադրբեջանին էլ, և մենք չենք ուզում թոկ ունենանք մեր վզին: Ի դեպ, մի էդպիսի, մի քանի էդպիսի երևի թոկեր էլ ինքը ունի իր վզին, էնպես չի, որ ինքը սուվերեն երկիր է՝ էլ Միութենական պետություն, էլ ռազմական պլացդարմ Ուկրաինայի դեմ պատերազմում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Թորոսյանը:

Լեռնային Ղարաբաղի կորստին վերաբերող մեղադրանքներով, սակայն, Բելառուսի նախագահը չի բավարարվել: Քննադատելով Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ Լուկաշենկոն նաև պնդել է, թե նա կկործանի Հայաստանը:

«Այսինքն, ի՞նչ, արտաքին ռազմական ագրեսիայի սպառնալի՞ք է Հայաստանի նկատմամբ էդ նույն Ձեր ասաց չակերտավոր դաշնակցից: Եվ հետևաբար՝ մեր ժողովուրդը էլի հասկանում է՝ ովքեր են մեր իրական դաշնակիցները, և ովքեր են մեր դեմ աշխատում: Եվ սա առաջին հայտարարությունը չի՝ մենք լսել ենք նաև հայտարարությունը Լուկաշենկոյի, թե ինքը ինչքան է ողջունել Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ենթադրում եմ՝ նաև Հայաստանի վրա էլ, որովհետև նույն ՀԱՊԿ անդամ լինելով որևէ այլ չի ձեռնարկել, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքի վրա էր Ադրբեջանը հարձակվում», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Հայաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: Ռազմաքաղաքական դաշինքում Հայաստանն անդամակցությունը սառեցրել է, իսկ տնտեսական միությունում համագործակցությունը շարունակվում է: Ընդ որում՝ այս տարի կառույցում նախագահողը Բելառուսն է: Հայաստանը Բելառուսին դաշնակից համարո՞ւմ է, իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանն ուղիղ չասաց:

«Մենք գտնվում ենք մի քանի միություններում, որտեղ, ԱՊՀ-ն էլ, ի դեպ, դրանց շարքին է, դե գիտեք ՀԱՊԿ-ում մենք ինչպիսի մասնակցություն ունենք՝ ըստ էության, զրո մասնակցություն ունենք, ԵԱՏՄ-ում ենք գտնվում, և առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով են, ըստ էության, հարաբերությունները էս պահին», - ասաց ՔՊ պատգամավորը:

Բելառուսի երկարամյա առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ յոթերորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում, Եվրամիությունն այդ ընտրությունները համարել է կեղծված: Մինչ այս պահը Հայաստանի որևէ պաշտոնյա նրան չի շնորհավորել: Նախորդ անգամ վարչապետ Փաշինյանը շնորհավորել էր՝ Լուկաշենկոյին մաղթելով նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG