Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող իր քաղաքացիներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից խոստացված պատժամիջոցները երկրի դեմ առայժմ չեն կիրառվի, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։
«Կոլումբիայի կառավարությունը համաձայնել է Թրամփի բոլոր պայմաններին, ներառյալ ԱՄՆ-ից բոլոր կոլումբացի ապօրինի ներգաղթյալների անսահմանափակ ընդունումը, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռներով, առանց սահմանափակումների և ուշացումների», - նշվում է հայտարարության մեջ։
Սպիտակ տունը հավելել է, որ Թրամփը բոլոր երկրներից ակնկալում է «լիարժեք համագործակցություն» իրենց քաղաքացիների արտաքսման գործընթացում։
Թրամփը Կոլումբիային սպառնացել է պատժամիջոցներով, քանի որ երկրի ղեկավարությունը հրաժարվել էր միգրանտներով ինքնաթիռներ ընդունել։ Դրանք այժմ կպահվեն ռեզերվում և չեն ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Կոլումբիան հետևում է համաձայնագրին, ասվում է Թրամփի վարչակազմի հայտարարության մեջ։
Թրամփի խոստացած սահմանափակումների թվում էին վիզային պատժամիջոցները Կոլումբիայի պաշտոնյաների և նրանց ընտանիքների նկատմամբ և 25 տոկոս մաքսատուրքի սահմանումը Կոլումբիայից բոլոր ներմուծումների համար՝ այն կրկնապատկելու հեռանկարով։ Թրամփի սպառնալիքներից հետո Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն խոստացել է տրամադրել ինքնաթիռ ԱՄՆ-ից արտաքսվող Կոլումբիայի քաղաքացիների «արժանապատիվ վերադարձի» համար։
Միացյալ Նահանգները Կոլումբիայի խոշորագույն առևտրային գործընկերն է։