Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում, BRICS-ի շրջանակներում, «ոտքի վրա» կարճ զրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած "Пул Первого" տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել։
Հայկական կողմը զրույցի մասին դեռ չի հաղորդել։
Լուկաշենկոն սեպտեմբերին, Բելառուսում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Մինսկը կցանկանար վերադարձնել բարի հարաբերությունները Երևանի հետ։
Սեպտեմբերի վերջին՝ Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահին հղած ուղերձում Լուկաշենկոն վերահաստատեց՝ Մինսկը կշարունակի հանդես գալ Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին։
Լուկաշենկոն այս տարվա մայիսին այցելել էր Բաքու, այդ այցի ժամանակ հայտնի դարձավ, որ մինչև 2020 թվականի պատերազմը նա Ալիևի հետ քննարկել էր ադրբեջանական կողմի հաղթելու շանսերը։ Մինչ այս բացահայտումը, հայտնի էր, որ Բելառուսը Ադրբեջանին զենք վաճառող երկրներից մեկն է։
Դժգոհելով Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Հայաստանի վարչապետն էլ հայտարարեց, որ Բելառուս այլևս երբեք չի այցելի, քանի Բելառուսում նախագահ է Լուկաշենկոն: «Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի», - ասաց Փաշինյանը:
Նրա ելույթից րոպեներ անց ԱԳՆ-ը հայտարարեց, թե հետ է կանչում Բելառուսում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Ժամեր անց հետևեց Մինսկի համարժեք արձագանքը՝ Բելառուսը ևս ետ կանչեց իր դեսպանին։