Մատչելիության հղումներ

«Իմպուլսիվ հայտարարություններ»․ Մինսկի արձագանքը Փաշինյանին


Փաշինյան-Լուկաշենկո հանդիպում Երևանում, 1-ը հոկտեմբերի, 2019թ․
Փաշինյան-Լուկաշենկո հանդիպում Երևանում, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

Մինսկն արձագանքում է վարչապետ Փաշինյանին և հիշեցնում բելառուս ընդդիմադիրների հետ հայաստանցի պաշտոնյաների շփումների մասին։

«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի» ,- Բելառուսի և այդ երկրի նախագահի հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքելով՝ իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։

Դիվանագետը շեշտել է, որ Մինսկը չի միջամտում Երևանի ներքին գործերին, նույնն էլ ակնկալում էր Հայաստանի իշխանություններից։

«Ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ», - ասել է Շպակովսկին՝ միաժամանակ ընդգծելով, որ դաշնակիցների ընտրությունները պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է։

Այսօր խորհրդարանում 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից, գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։

Փաշինյանը հիշեցրել է Լուկաշենկոյի հայտարարաությունը, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանը հաղթի։

«Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ»,- հայտարարեց Փաշինյանը։

Ավելի վաղ էլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG