Մատչելիության հղումներ

Կիրանցի «իրական» պատկերը՝ բաց հրավերն ու լրագրողների առջև փակված դռները


Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ գործարարների և պաշտոնյաների հետ այցելեց սահմանամերձ Կիրանց՝ այն հռչակելով «Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործում»: Վարչապետն այնքան հպարտ էր իր տեսածով, որ ֆեյսբուքյան էջում բաց հրավեր հղեց բոլորին:

«Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է ևս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ և տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»։

«Ազատություն»-ն էլ որոշեց հետևել վարչապետի «տեսնել, ոչ թե լսել» խորհրդին: Բայց նոր էինք գյուղ հասել, «գնացեք և տեսեք» հրավերին հակադրվեց «հեռացեք, մի՛ նկարեք» իրականությունը, թափանցիկության կոչերին՝ անթափանց վերահսկողությունը։

Ադրբեջանի հետ սահմանազատված գյուղը, որ երկրի ղեկավարը ներկայացրել էր որպես «անվտանգ և խաղաղ կյանքի» օրինակ, անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գոտի են համարում: Այստեղ լրագրողական աշխատանքը գրեթե անհնար է՝ դպրոց մտնելն արգելված է, բնակիչների հետ զրուցելը խորհուրդ չի տրվում:

Երբ փորձեցինք նկարահանել դպրոցի մոտ այգեգործությամբ զբաղվող բնակչին, ԱԱԾ աշխատակիցներն անմիջապես մոտեցան և հորդորեցին հեռանալ ոչ միայն սահմանից, այլև գյուղի տարածքից։

Գյուղում մեր ողջ այցի ընթացքում մշտական հսկողության տակ էինք։ Սահմանապահները հետևում էին մեր յուրաքանչյուր քայլին՝ ուր գնացինք, ում տուն մտանք, ում հետ փորձեցինք խոսել։ Թերևս հենց դրա արդյունքում էր, որ բնակիչները, որոնց հետ հաջողվեց շփվել, սակավախոս էին և զգուշավոր։

Կիրանցի տներից մեկի բակում կանայք սուրճ էին խմում: Նրանք զգուշավոր էին խաղաղության հեռանկարների մասին խոսելիս. «Այսօր խաղաղ է, բայց թե ինչ կլինի վաղը՝ ոչ ոք չգիտի»:

Կառավարության տարածած տեսանյութում վարչապետի հետ Կիրանց այցելած պաշտոնյաներն ու գործարարները շրջում են մեկ տարի առաջ կառուցված պատի մոտ, դպրոցում ու նոր կառուցվող եկեղեցում: Տեսանյութում չկան դպրոցականներ կամ գյուղի բնակիչներ: Այցից օրեր անց տեղացիներն ասացին՝ երկրի ղեկավարին մոտենալը պարզապես անհնար էր:

Վարչապետն իր ֆեյսբուքյան գրառման մեջ «Իրական Հայաստանի» կիրանցյան մոդելի մասին խոսելիս չէր նշել, որ սահմանազատումից հետո Կիրանցի ադրբեջանական Խեյրիմլիից այն կողմ մնացած սեփական 60 հեկտար վարելահողերն այդպես էլ անմշակ են մնացել: Գյուղապետարանի տվյալներով՝ սահմանազատումից առաջ Կիրանցում 30-40 հեկտար հող էին մշակում, այսօր մշակված է ընդամենը 7 հեկտար, որի միայն կեսը՝ ադրբեջանական գյուղից այն կողմ:

Նազարյանների ընտանիքը մոտ մեկուկես հեկտար վարելահող ունի Խեյրիմլիից այն կողմ: Նրանք նույնպես չեն մշակել իրենց հողը. տրակտորիստ չեն գտել, որ սիրտ աներ ադրբեջանական գյուղի կողքով իրենց անմշակ մնացած տարածք հասնել, ասում է Հերիքնազ Նազարյանը:

«Ազատության» հարցմանը, թե արդյոք կառավարությունը դիտարկում է կիրանցեցիների սեփական հողատարածք հասնելու համար ճանապարհ, գետի վրայով՝ կամուրջ կառուցելու հարցը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանեցին, թե սահմանազատումից հետո վարելահողեր տանող դաշտամիջյան ճանապարհը հարթեցվել է, ու որ կամուրջ կառուցելու հարց չի քննարկվում:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG