ԱՄՆ գալիք վարչակազմում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է իր փաստահավաք այցը Կիև։
Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին մոտ կանգնած չորս աղբյուրները, նշում է, որ Քելլոգը Կիև, Հռոմ և Փարիզ կայցելի նորընտիր նախագահի «երդմնակալության արարողությունից (հունվարի 20) հետո»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քելլոգը կայցելի Կիև հունվարի սկզբին՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավարության հետ։ Նախատեսված էին նաև հանդիպումներ Հռոմում և Փարիզում։
Գործակալության աղբյուրները Եվրոպա այցի հետաձգման պատճառները չեն նշել։ Քելլոգը, ինչպես նաև Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ կարող է կանգնեցնել Ուկրաինայում պատերազմը պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Reuters-ն ընդգծում է, որ Թրամփը, սակայն, քիչ բան է արել խնդրի լուծման համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հակամարտությունն արագ դադարեցնելու փորձերը մնում են եկող վարչակազմի հիմնական առաջնահերթությունը։