Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման և բանակցություններ սկսելու կոչ է անում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար «գործարք» կնքել Ռուսաստանի հետ:
Այդ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել իր Truth Social սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Դամասկոսի անկումը:
«Ասադն այլևս չկա: Նա փախուստի դիմեց իր երկրից: Նրա պաշտպան Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, այլևս հետաքրքրված չէ նրա պաշտպանությամբ: Ռուսաստանն առհասարակ այնտեղ անելիք չուներ», - ընդգծում է ԱՄՆ ընտրված նախագահը:
Թրամփի պնդմամբ՝ Ռուսաստանը Սիրիայի նկատմամբ հետաքրքրությունը կորցրել է Ուկրաինայում պատերազմի պատճառով, որում, ըստ նրա, շուրջ 600 հազար ռուսաստանցի զինվոր վիրավորվել է կամ զոհվել:
Թրամփը վստահեցնում է, որ Զելենսկին կցանկանար Ռուսաստանի հետ «գործարք» կնքել՝ «այս խելահեղությունը» դադարեցնելու համար: Միացյալ Նահանգների ընտրված նախագահը ուկրաինական կողմի կորուստները պատերազմում գնահատել է «400 հազար զինվոր»:
«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները: Անչափ շատ կյանքեր են անօգուտ կորսվել, չափազանց շատ ընտանիքներ են կործանվել: Եվ եթե այսպես շարունակվի, դա կարող է վերաճել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ ինչ-որ բանի: Ես լավ գիտեմ Վլադիմիրին: Այժմ նրա գործելու ժամանակն է: Չինաստանը կարող է օգնել: Աշխարհը սպասում է», - ընդգծել է ԱՄՆ ընտրված նախագահը:
Նախօրեին Դոնալդ Թրամփը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Զրույցը շարունակվել է մոտ 35 րոպե: Հանդիպմանը ասուլիս չի հաջորդել, նախագահները մեկնել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Axios-ի աղբյուրների վկայությամբ՝ Թրամփն ի սկզբանե չի ցանկացել հանդիպել Զելենսկու հետ, սակայն ի վերջո համաձայնել է: Աղբյուրների վկայությամբ՝ հանդիպումը «լավ և արդյունավետ» է ստացվել:
«Հաղորդակցվեցինք մեր մարդկանց, ռազմի դաշտում իրավիճակի և Ուկրաինայի համար արդար խաղաղության շուրջ: Մենք բոլորս ցանկանում ենք ավարտել այս պատերազմը հնարավորինս արագ և արդարացի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը հանդիպումից հետո:
Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս հայտարարել է, որ մտադիր է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։