Կանադայի բանկի նախկին կառավարիչ Մարկ Քարնին կփոխարինի Ջասթին Թրյուդոյին՝ երկրի վարչապետի պաշտոնում․ Քարնին կիրակի օրն ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդ։
Հունվարի սկզբին Թրյուդոն հայտարարեց, որ ինը տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ վարչապետի և իշխող լիբերալների առաջնորդի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը փոխարինող չի ընտրել:
59-ամյա Քարնին հավաքել է ձայների 86 տոկոսը՝ հաղթելով ֆինանսների նախկին նախարար Քրիստիա Ֆրիլենդին, ով 2024-ի դեկտեմբերին ևս հրաժարական էր տվել մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարության ֆոնին Թրյուդոյի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով։
ԱՄՆ նորընտիր նախագահը նոյեմբերի վերջին հայտարարեց, որ պաշտոնը ստանձնելուց (2025-ի հունվարի 20-ին) հետո 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար։
Ընդգծելով, որ Քարնին պաշտոնը ստանձնում է Կանադայի համար բարդ ժամանակաշրջանում՝ Reuters-ը նշում է, որ Օտտավան Դոնալդ Թրամփի օրոք առևտրային պատերազմի մեջ է իր վաղեմի դաշնակից Միացյալ Նահանգների հետ և որ Կանադայում շուտով համընդհանուր ընտրություններ կանցկացվեն։
Քարնին հայտարարել է, որ ինքը «լավագույն դիրքերում է՝ կուսակցությունը վերակենդանացնելու և Թրամփի հետ առևտրային բանակցությունները վերահսկելու համար»։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ Կանադան կարող է միանալ Միացյալ Նահանգներին և դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, ինչը թույլ կտա ազատվել «արհեստական գծված սահմաններից»:
«Կանադան երբեք չի լինի ԱՄՆ 51-րդ նահանգը։ Բայց մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ ասում է ԱՄՆ նախագահը», - արձագանքելով Թրամփի հայտարարություններին՝ ասել էր Ջասթին Թրյուդոն։