Առաջարկվում է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ Առաջարկը տեղ է գտել Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գնահատողական հաշվետվությունում։
Ընդգծելով, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կան Առաջին և Երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ՝ փաստաթուղթը շեշտում է, որ այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից մեկը կարող է դառնալ։
«Սա կարող է նաև նպաստել տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը», - ընդգծում է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը։
Բաքուն ավելի վաղ հայտարարել է, թե «առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շուրջ 4 հազար ադրբեջանցիներ են սպանվել և թաղվել զանգվածային գերեզմաններում ու նաև ասել, թե «Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը»։
Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:
Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։
Իսկ Բաքվի նշած 4 հազար թիվը Երևանում կասկածի տակ են դնում՝ շեշտելով՝ այդ մասին տեղեկություններ չունեն, իսկ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։
Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։
Այսօր Բաքվից հայտարարել են, թե ականները դժվարացնում են Ադրբեջանում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։ Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավար Կարմեն Օսորնոն ասել է, որ իրենց նպատակն է այս հարցում հասնելու Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը։
«Նախ պետք է օգնություն ցուցաբերենք Ադրբեջանին։ Երկրորդը՝ անհրաժեշտ է լուծել համագործակցության հարցը», - ասել է ծրագրերի ղեկավարը։