Կառավարությունը մինչ այս պահը չի արձագանքել գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի Հանրապետությունից կես միլիարդ դոլարի չափով փոխհատուցման պահանջին: Մեկնաբանության համար «Ազատությունը» դիմել է Արդարադատության նախարարություն: Առայժմ պատասխան չենք ստացել:
Կալանավորված միլիարդատիրոջ փաստաբանական թիմը նախօրեին տեղեկացրեց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» համար Կարապետյանները կառավարությունից 500 միլիոն դոլար են պահանջում: Ընտանիքը փոխհատուցման պահանջով արբիտրաժային տրիբունալ է դիմել, որն էլ պետք է քննի բուն ներդրումային վեճը:
Անցած ամիս Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությունից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ, իսկ եթե նշանակվել է, թույլ չտալ նրան գործել որպես ընկերության գործադիր մարմին: Կառավարությունը չհետևեց որոշմանը. պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև ընկերության ղեկավար հաստիքներ զբաղեցնող աշխատակիցների է հեռացրել, նրանց փոխարեն այդ թվում իր կուսակիցներին նշանակել: Չկատարված արբիտրաժային որոշումն, ըստ էության, հայցի ապահովման միջոցի նշանակություն ուներ, բուն քննությունը դեռ նոր պետք է սկսվի:
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կապ հաստատել այսօր չի հաջողվել:
Մինչ այդ գործարարի փաստաբանական թիմը տեղեկացնում է՝ հայցի հիմքում Կարապետյանները ներդրումների պաշտպանության մասին Հայաստանի ու Կիպրոսի միջև 30 տարի առաջ կնքված համաձայնագիրն են դրել: Միլիարդատերը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տնօրինում է նաև Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով:
«Կարապետյանների ընտանիքն իր արբիտրաժային հայցում պնդում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից», - նշում են նրանք:
Փաստաբանների պնդմամբ՝ պետության կողմից ՀԷՑ-ի կառավարումը հարկադրաբար ստանձնելն անօրինական սեփականազրկման դեպք է:
Շաբաթներ առաջ արդարադարության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է՝ սպասում են վեճի բուն քննությանը. «Իհարկե, կառավարությունը կներկայացնի իր փաստարկները, և կտեսնենք, թե երբ միջազգային արբիտրն արդեն անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, և այդ առումով կգնահատենք հնարավոր ռիկսերը»:
Իշխանությունները «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին հայտարարեցին Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ, հաշված օրերի ընթացքում ընկերության կառավարումը ստանձնելու համար օրենք փոխեցին, որն էլ խորհրդարանն ընդունեց հրատապ կարգով:
Գործընթացը սկսվեց անձամբ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ: Նրան, սակայն, Կարապետյանների կողմից արբիտրաժային հայցի հեռանկարը շաբաթներ առաջ շատ չէր անհանգստացնում:
«Արբիտրաժները դատական գործեր են, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կառավարական մարմինների դեմ էլ են, նկատի ունեմ՝ ներպետական ատյաններում հայցեր ներկայացվում, կառավարությունն էլ է հայցեր ներկայացնում, կառավարության դեմ էլ են արբիտրաժ դիմում, կառավարությունն էլ է դիմում: Դա աշխատանքային պրոցեսի մի մաս է, և չեմ կարծում, թե դա ընդհանուր առմամբ էական ազդեցություն ունի մեր քննարկվող հարցի վրա», - ասել էր վարչապետը:
Միլիարդատիրոջ փաստաբանական թիմին միացած ամերիկացի հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, որ նաև Յուկոսի գործում է ներգրավված եղել, համոզված է՝ արիբտրաժային վարույթը Կարապետյանի օգտին կավարտվի. «Պարոն Կարապետյանը հաջողության կհասնի, փոխհատուցում կստանա, վնասը կկուտակվի կամ այս կամ հաջորդ կառավարության համար»:
Սա Հայաստանի դեմ քննվող միակ արբիտրաժային վարույթը չէ. այս պահին քննվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի» բաժնետեր Walnort Finance Limited-ի հայցը՝ 1.2 միլիարդ դոլար են պահանջում: Ընթացքում են նաև «Սանիթեք» և «Էյր Արաբիա» ընկերությունների հայցերն իրենց ներդրումները չպաշտպանելու հիմքերով։