«Ինձ համար հիմնական խնդիրը եկեղեցու վրա այս գրոտեսկային հարձակումն է, եթե խոսենք իրավական տեսանկյունից, Կարապետյանի թիմից եմ լինելու». -
ամերիկացի հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում է առաջին հերթին արդեն շուրջ երկու ամիս կալանավորված Սամվել Կարապետյանին պաշտպանելու համար: «Ազատությանը» տված հարցազրույցում նա տեղեկացրեց՝ միացել է գործարարի փաստաբանական թիմին:
«Կարապետյանի կալանավորումն ապօրինի է, անկասկած, արևմտյան ոճի կառավարության համար սա ամոթալի է, մարդուն լուրջ մեղադրանք առաջադրելը այն բառերի հիման վրա, որոնք որևէ սպառնալիք չէին պարունակում», - ասաց Ամստերդամը:
Վարչապետ Փաշինյանի սպառնալից գրառումներին զուգահեռ՝ Սամվել Կարապետյանը նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց շուրջ երկու ամիս առաջ՝ եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո: Միլիարդատերը, մասնավորապես, հարցազրույց էր տվել ու ասել, որ եթե քաղաքական գործիչները չհաջողեն, «իրենց ձևով կմասնակցեն»: Իրավապահները հենց այս խոսքերում են իշխանությունը զավթելու կոչ նկատել:
Կալանավորմանը զուգահեռ՝ իշխանությունները հայտարարեցին Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու մտադրության մասին, խուզարկություններ իրականացվեցին նրան պատկանող «Տաշիր գրուպ»-ում, փակվում-բացվում էին «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերը, հեռացվում էին «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները: Կալանավորման ընթացքում Կարապետյանի մեղադրանքը լրացվեց առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, հարկերը չվճարելու ու խարդախություն կազմակերպելու հոդվածներով:
«Կարապետյանը մի քանի օրից 60 տարեկան կդառնա, նրան բանտային վատ պայմաններում են պահում, ինչը որևէ կերպ օրենքի հետ չի հարաբերվում, օրենքն ասում է՝ նա դատական գործընթացին ազատության մեջ պետք է սպասի», - պնդեց ամերիկացի փաստաբանը:
Ռոբերտ Ամստերդամը պնդում է՝ Կարապետյանի դեմ ընտրված խափանման միջոցը տրամաբանությունից դուրս է. - «Ես երբեք նման բան չեմ տեսել, իսկ ես Աֆրիկայում եմ աշխատում: Այսպիսի գործողություններն ընդհանրապես դուրս են դատաիրավական համակարգի էությունից: Ես իրոք հուսով եմ՝ իրավիճակը կհանդարտվի, քննարկումներ կսկսվեն, նա ազատ կարձակվի»:
Ամստերդամը միջազգային աղմկահարույց գործերով է զբաղվել աշխարհի տարբեր կողմերում՝ Վենեսուելայից մինչև Կոնգո և Թայլանդ: 2000-ականներին այն ժամանակ Ռուսաստանի ամենահարուստ մարդու՝ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու շահերն է ներկայացրել:
«Սա պարզապես Կառավարության վախն է ցույց տալիս, ես նաև ուզում եմ Կառավարության հետ խոսել, որովհետև ակնհայտ է՝ երկխոսության պահն է, ժամանակն է քննարկել, թե որոնք են իշխանությունների ու եկեղեցու մտավախությունները», - նշեց Ամստերդամը:
Ինչպե՞ս է փաստաբանը պատկերացնում այդ երկխոսությունը, Կառավարությո՞ւն կզանգահարի, կփորձի հանդիպո՞ւմ կազմակերպել. -
«Ես նրանց կհրավիրեմ զրուցելու մեզ հետ: Մենք իրավաբաններ ենք, այստեղ ենք՝ պաշտպանելու քաղաքացիական ազատությունները, օրենքի գերակայությունը, այդ թվում նաև հենց Կառավարությանը, մենք չենք հակադրվում, այստեղ հակադրություն չկա: Հիմա միասնության, այլ ոչ բաժանումների ժամանակն է»:
Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է մի քանի օրից, նրա պաշտպանական թիմը ենթադրում է՝ իրավապահները կմիջնորդեն երկարաձգել այն: Փաստաբանները կալանքը վերացնելու հարցով երկու շաբաթ առաջ գլխավոր դատախազին են դիմել: Գլխավոր դատախազությունը մինչ այս պահը դիմումի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Բայց վերաքննիչ ատյանը այս օրերին ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալությունը ու նրա առանձնատան խուզարկությունը: