Չեչնիայի առաջնորդի որդի Ադամ Կադիրովը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տեղափոխվել է Գրոզնիի հիվանդանոց, ուրբաթ ուշ երեկոյան հաղորդել է "Кавказ.Реалии"-ն՝ վկայակոչելով երկու աղբյուր, ինչպես նաև սոցցանցերի ընդդիմադիր էջերը: Ըստ "Кавказ.Реалии"-ի զրուցակցի՝ տվյալ հիվանդանոց տանող ճանապարհները փակ են:
Չեչենական ընդդիմադիր Niyso շարժման տվյալներով՝ Ադամ Կադիրովի ավտոշարասյունը «շարժվում էր մեծ արագությամբ՝ մեքենան մեքենայի հետևից, երբ հանկարծակի խոչընդոտի է հանդիպել»:
«Արդյունքում ավտոմեքենաները սկսել են բախվել իրար, այդ իսկ պատճառով տեղեկատվություն է ստացվում, որ տուժողները քիչ չեն, բայց հենց Ադամի պատճառով է նման իրարանցումը», - ասված է շարժման տելեգրամյան ալիքում:
Սոցցանցերի ընդդիմադիր էջերը հաղորդում են նաև, որ կրտսեր Կադիրովը ծան վիճակում է: Niyso-ի ներկայացուցիչը, այդուհանդերձ, "Кавказ.Реалии"-ին ասել է, որ տեղեկատվություն են ստացել տարբեր աղբյուրներից, սակայն ճշգրիտ խոսել Չեչնիայի ղեկավարի որդու վիճակի մասին դեռ չեն կարող:
"Фортанги"-ի աղբյուրն էլ հաղորդել է, որ Ադամ Կադիրովին հրատապ տեղափոխել են մոսկովյան հիվանդանոց:
18-ամյա Ադամը Ռամզան Կադիրովի ամենահայտնի զավակներից է: 2023 թվականի սեպտեմբերին ավագ Կադիրովը հրապարակել էր տեսանյութ, որում այն ժամանակ 15-ամյա Ադամը մեկուսարանում ծեծի էր ենթարկում Ղուրանն այրելու գործով մեղադրվող Նիկիտա Ժուրավլյովին:
Դրանից հետո կրտսեր Կադիրովին սկսեցին տարբեր բարձր պաշտոնների նշանակել և պարգևներ շնորհել: Մասնավորապես, Ադամ Կադիրովը Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղարն է: