Ռամզան Կադիրովի որդին՝ 17-ամյա Ադամ Կադիրովը, դարձել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնում է «Ազատության» տեղի ծառայությունը՝ Kavkaz.Realii-ն։
Թե կոնկրետ երբ է նա ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ հստակ չէ։
Մինչ այդ նա ղեկավարում էր հոր անվտանգության ապահովման բաժինը, ինչպես նաև համակարգում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող չեչենական երկու գումարտակները։
Մինչ այդ Անվտանգության խորհուրդը ղեկավարում էր Չեչնիայի ղեկավարի եղբորորդին՝ Խամզաթ Կադիրովը։ Վերջինս, սակայն, ամիսներ առաջ, երբ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը կործանվեց Ղազախստանում, պատմել էր՝ ինչպես է այդ օրը հակաօդային պաշտպանությունը աշխատել։ Պաշտոնյան անգամ տեսանյութ էր հրապարակել՝ անօդաչուների խոցման կադրերով ու գրել՝ «ամեն ինչ ոչնչացված է»։ Դրանից հետո նրա անունը պաշտոնական հաղորդագրություններում չէր երևացել։