Մատչելիության հղումներ

Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել. ակնկալվում է նրա գործի կարճում


WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ինքնաթիռից իջնում ​​է Թաիլանդի Բանգկոկի Դոն Մուանգ միջազգային օդանավակայանում, հունիսի 25, 2024թ.
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ինքնաթիռից իջնում ​​է Թաիլանդի Բանգկոկի Դոն Մուանգ միջազգային օդանավակայանում, հունիսի 25, 2024թ.

«Ջուլիան Ասանժն ազատ է։ Հունիսի 24-ի առավոտյան նա դուրս եկավ Բելմարշի խիստ ռեժիմի բանտից՝ այնտեղ անցկացնելով 1901 օր։ Լոնդոնի բարձր ատյանի դատարանը նրան ազատ արձակեց գրավի դիմաց։ Ցերեկը նա Սթենսթեդ օդանավակայանում էր, որտեղ նստեց օդանավ»,- այս սեղմ հաղորդագրությամբ տեղեկացրել է նրա հիմնադրած WikiLeaks կայքը։

Բրիտանիայից նա մեկնել է Խաղաղ օվկիանոսում գտնվող Հյուսիսային Մարիանյան կղզիներ, որտեղ նրան սպասում է ամերիկյան դատարանը։ Ավստրալիայի և Ճապոնիայի միջև ընկած այդ կղզիների արշիպելագը ԱՄՆ-ի տարածք է համարվում, որտեղ գործում է Միացյալ Նահանգների սահմանադրությունը։

Նրան տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բանգկոկում։ Երեքշաբթի երեկոյան նա մեկնելու է Մարիանյան կղզիների Սայպան քաղաք, որտեղ հաջորդ օրը կանգնելու է ամերիկյան դաշնային դատարանի առջև։

Ակնկալվում է, որ առաջադրված մեղադրանքերի դրվագներից մեկով Ասանժը իրեն մեղավոր է ճանաչելու, որից հետո դատարանը նրան ազատ արձակելու որոշում կընդունի։ Գործը փակվելուց հետո Ասանժը մեկնելու է Ավստրալիա, որի քաղաքացի է հանդիսանում։

Ըստ Արդարադատության նախարարության կողմից դատարանին ներկայացրած նամակի՝ նա իրեն մեղավոր է ճանաչելու ապօրինի կերպով ազգային անվտանգության գաղտնի տեղեկատվության ձեռքբերման և տարածման համար։

2019 թվականին Միացյալ Նահանգների դաշնային դատախազությունը 18 դրվագներով մեղադրանք էր առաջադրել Ասանժին՝ WikiLeaks կայքում հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար, որոնք վերաբերում էին Իրաքում և Աֆղանստանում ամերիկացի զինվորականների գործողություններին, ինչպես նաև ամերիկացի դիվանագետների կոնֆիդենցիալ զեկույցներ և նամակագրություն։ Նյութերը նրան էր տրամադրել ամերիկյան ռազմական հետախուզության վերլուծաբան Չելսի Մենինգը։ Մենինգը, ով նախկինում տղամարդ էր և կրում էր Բրեդլի անունը, ազատ էր արձակվել 2020-ին։ 35 տարվա ազատազրկման դատապարտված Մենինգը ներման խնդրանքով դիմել էր նախկին նախագահ Բարաք Օբամային, որից հետո նրա պատժաչափը կրճատվել էր մինչև 7 տարի։

Ջուլիան Ասանժը մինչ հիմա խուսափել է պատժից և Ամերիկա արտահանձնվելու վտանգից։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչեր առաջադրված բոլոր դրվագներով, նրան 170 տարվա բանտարկություն էր սպառնում։ Նա 7 տարի թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում։ Սակայն, երբ Էկվադորը նրան զրկեց քաղաքացիությունից, նա ստիպված դուրս եկավ դեսպանատնից ու ձերբակալվեց բրիտանական ոստիկանության կողմից։

Վերջին հինգ տարիներին գտնվելով բրիտանական մեկուսարանում՝ նա անդադար վիճարկել է իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու օրինականությունը։ Ասանժի կողմնակիցները, նաև իրավապաշտպան կազմակերպությունները նախագահ Բայդենի վարչակազմին կոչ էին արել դադարեցնել նրա քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, որ գաղտնի փաստաթղթերը նա հրապարակել է որպես լրագրող։

52-ամյա Ասանժի գրեթե 15 տարվա քրեական հետապնդումների պատմությունը մոտենում է ավարտին։ Ակնկալվում է, որ ամերիկյան դատարանը բավարար կհամարի Բրիտանիայում նրա բանտարկության 5 տարիները, ու հաշվի առնելով, որ նա մասնակիորեն ընդունում է մեղքը, նրան ազատ արձակելու որոշում կընդունի։

Վճիռը Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայացնելը ավելի շուտ աշխարհագրական նշանակություն ունի, քանի որ այդ վայրը մոտ է գտնվում Ավստրալիային, ուր մեկնելու է Ասանժը։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն ասել է, թե անկախ այն տեսակետներից, որ «մարդիկ ունեն պարոն Ասանժի և նրա գործունեության մասին, այդ գործը շատ երկար է ձգձգվել»։

«Նրա շարունակական բանտարկությունը ոչինչ չի տալիս, և մենք ցանկանում ենք, որ նրան տուն վերադարձնեն՝ Ավստրալիա»,- ասել է վարչապետը։

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը նշել է, թե շատ ուրախ է, որ աշխարհով մեկ էմոցիոնալ քննարկվող այդ գործը վերջապես գտավ իր լուծումը։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոդի Գինսբերգը թեև ողջունել է նրա կալանքի դադարեցումը, միաժամանակ նշել է, որ Ասանժի նկատմամբ ԱՄՆ-ի հետապնդումը վնասակար իրավական նախադեպ է ստեղծել՝ ճանապարհ բացելով լրագրողներին դատելու լրտեսության գործով, եթե նրանք գաղտնազերծված նյութեր ստանան ինֆորմատորներից։ «Դա երբեք չպետք է լիներ»,- ասել է նա։

Նրա կինը՝ Ստելա Ասանժը Reuters-ի հետ զրույցում ասել է, թե միշտ հավատացել է, որ ամուսինը ազատ կարձակվի, բայց չի հանգստանա, մինչև նա չժամանի Ավստրալիա, որտեղ նրան սպասում են չորեքշաբթի. - «Ես շատ ուրախ եմ, նաև անհանգիստ, որովհետև սովոր եմ, որ ամեն ինչ կարող է պատահել։ Անհանգիստ եմ, քանի դեռ այն (փաստաթուղթը) ստորագրված չէ, բայց թվում է՝ մենք հասել ենք դրան։ Ես իսկապես կհավատամ, երբ նրան տեսնեմ իմ առջև, երբ կարողանամ գրկել նրան։ Այդ ժամանակ դա իրական կլինի»։

Փաստաբան Ստելա Ասանժը Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմի անդամներից էր։ Նրանք երկու երեխա են ունեցել, երբ Ջուլիանը 7 տարի թաքնվում էր Լոնդոնի Էկվադորի դեսպանատանը, իսկ պաշտոնապես ամուսնացան, երբ նա արդեն գտնվում էր Բելմարշի բանտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG