Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատ․ «Պուտինը անձամբ է համակարգել ամերիկացի դեմոկրատների դեմ հաքերային հարձակումները»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է համակարգել 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դեմ ձեռնարկված հաքերային հարձակումները։ Այս պնդումը տեղ է գտել ամերիկյան Սենատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի անցած գիշեր հրապարակած զեկույցի եզրափակիչ՝ հինգերորդ հատվածում։

Ամերիկացի սենատորների պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահը Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմնի՝ Ազգային կոմիտեի համակարգչային սերվերները, ինչպես նաև նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված գործողություններին անմիջական առնչություն է ունեցել։

«Սա 1000 էջանոց մի զեկույց է։ Այն իր ծավալներով երկու անգամ ավելի մեծ է քան Մյուլերի զեկույցը։ Ես հորդորում եմ բոլոր ամերիկացիներին ընթերցել այն՝ սեփական հետևությունների հանգելու համար։ Այս փաստաթղթում դուք կտեսնեք, թե ռուսական միջամտությունը [ամերիկյան ընտրություններին] ինչ աննախադեպ ծավալների է հասել։ Զեկույցում նաև տեղեկություններ կան ռուսների և Թրամփի նախընտրական շտաբի միջև բազմաթիվ շփումների մասին», - հայտարարել է Վիրջինիայից ընտրված սենատոր Մարկ Վերները։

Զեկույցի հեղինակները պնդում են, որ 2016 թվականին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ղեկավարող Փոլ Մանաֆորթը ակտիվորեն շփվել է ռուսաստանցի մի շարք գործարարների հետ, որոնք իրենց հերթին կապեր են ունեցել հատուկ ծառայությունների կամ էլ Կրեմլի հետ։ Փոլ Մանաֆորթն, օրինակ, 2016-ի քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրություններից հետո սերտորեն շփվել է Ռուսաստանի և Ուկրաինայի անձնագրեր ունեցող գործարար Կոնստանտին Կիլիմնիկի հետ, որին զեկույցի հեղինակները որպես «ռուսական հետախուզության սպա» են բնութագրում։

Փաստաթղթի հեղինակների պնդմամբ՝ Կիլիմնիկը ապահովել է Մանաֆորթի կապը ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ։ Ուշագրավ է, որ զեկույցում տեղ գտած պնդումների համաձայն, Մանաֆորթի և Դերիպասկայի միջնորդավորված շփումների գլխավոր նպատակներից մեկը եղել է ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության մասին վկայող ապացույցների վերացումը։

Սենատում անցկացված հետաքննության ընթացքում նաև պարզվել է, որ պաշտոնական Մոսկվան ամերիկյան ընտրություններին միջամտելու և Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դիրքերը թուլացնելու նպատակով օգտվել է Wikileaks կայքի ծառայություններից։

Հենց այդ կայքում էր, որ 2016-ի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ տեղադրվեցին Քլինթոնի համակարգչից գողացված հազարավոր էլեկտրոնային նամակները։ Հետաքննության հեղինակները չեն բացառում, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղյակ է եղել, որ այդ նամակները իր կայքում տեղադրելով, օգնում է ռուսական հետախուզությանը։

Անցած գիշեր հրապարակված այս զեկույցի համաձայն, Մոսկվայի նման «ագրեսիվ գործողությունների» գլխավոր նպատակը 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելն էր։

Դրա հետ մեկտեղ, Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, զեկույցի հրապարակումից անմիջապես հետո պնդել է, որ հետաքննության ընթացքում այդպես էլ չի հաջողվել որևէ ուղղակի կապ հայտնաբերել Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի իշխանությունների միջև։

Ինքը՝ ԱՄՆ նախագահը Արիզոնա կատարած նախընտրական այցի ընթացքում հրաժարվեց պատասխանել Սենատի հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցի մասին հարցերին։ Հանդիպումների ավարտին միայն Twitter-ում ԱՄՆ նախագահը կիսվեց իրեն աջակցող ամերիկյան լրատվամիջոցների մեկի գրառմամբ, որում նշված էր. - «Սենատի հետախուզության հանձնաժողովը դավադրության գոյության որևէ ապացույց չի հայտնաբերել։ Չկա որևէ ապացույց առ այն, որ Թրամփի նախընտրական շտաբը համագործակցել է Ռուսաստանի կառավարության հետ՝ 2016-ի ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG