Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ կշարունակեն խոչընդոտել մարդասիրական օգնության մուտքը պատերազմից տուժած Գազայի հատված, որտեղ իսրայելական բանակը վերսկսվել է ինտենսիվ օդային և ցամաքային հարձակումները։
«Իսրայելի քաղաքականությունը հստակ է. մարդասիրական օգնություն չի մտնի Գազա, և այդ օգնության արգելափակումը հիմնական ճնշման լծակներից մեկն է, որը թույլ չի տալիս «Համաս»-ին այն օգտագործել որպես գործիք»,- «Ֆրանս պրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կացը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Իսրայելը մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված արգելափակում է մարտի 2-ից ի վեր։ ՄԱԿ-ը երկուշաբթի օրը ահազանգել է պատերազմի 18 ամիսների ընթացքում պաղեստինյան անկլավում ստեղծված լրջագույն հումանիտար ճգնաժամի մասին։
ՄԱԿ-ի մարդասիրական կառույցները շեշտել են, որ արդեն մեկուկես ամիս է որևէ մատակարարում՝ բժշկական պարագաներ, վառելիք, ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ Գազա չի մտել։