Իսրայելն անցած գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի երկու խոշոր հիվանդանոցների մերձակայքում, զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ տեղացի մի լրագրող, 9 հոգի վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։ Տարածքում տեղակայված վրաններում հրդեհ է բռնկվել։ Մինչ այդ՝ երեկ էլ բնակելի շենքեր էին թիրախավորվել, զոհվել էր առնվազն15 մարդ։
Իսրայելը մարտի 18-ից վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում երկամսյա հրադադարից հետո, որի ընթացքում «Համաս»-ը 38 իսրայելցի պատանդ վերադարձրեց՝ հարյուրավոր պաղեստինցի գերիների և կալանավորների դիմաց:
Կողմերի միջև նոր բանակցություններ անցկացնելու՝ Եգիպտոսի ու Քաթարի ջանքերն առայժմ արդյունք չեն տվել, «ներկայումս շփումներ չկան», Reuters-ին ասել է Պաղեստինի պաշտոնյաներից մեկը։
Իսրայելցիներն իրենց հերթին այսօր բողոքի ցույց են իրականացրել Երուսաղեմում՝ վարչապետ Նեթանյահուի նստավայրի դիմաց՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել պատերազմն ու անհապաղ ազատ արձակել մինչ օրս Գազայում պահվող գերիներին։
Բռնության այս ալիքը սկսվել է ուղիղ մեկուկես տարի առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը հարձակվեց իսրայելցիների վրա՝ սպանելով ավելի քան 1200 մարդու և պատանդառելով շուրջ 250-ին։
Իսրայելի պատասխան գործողություններից, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 50 հազար պաղեստինցի՝ հիմնականում կանայք և երեխաներ: