Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններից մեկում գտնվող Իրանի դաշնակից «Հեզբոլլա»-ի կենտրոնական շտաբին։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածի թիրախը խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան էր։
«Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարված են հասցրել «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին: «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբը միտումնավոր կառուցվել է Բեյրութում գտնվող Դահիեի սրտում գտնվող բնակելի շենքերի տակ՝ որպես լիբանանցիներին կենդանի վահան օգտագործելու «Հեզբոլա»-ի ռազմավարության մաս», - հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին:
Հարձակումից ի վեր Նասրալլայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան, հայտնի չէ նաև, թե արդյոք արմատական խմբավորման առաջնորդը տուժել է հարվածների հետևանքով։
«Հեզբոլլա»-ին մոտ կանգնած «Ալ-Մանար» հեռուստաընկերության տվյալներով՝ Իսրայելի զինուժի հարվածների հետևանքով ավերվել է առնվազն չորս շենք, կան բազմաթիվ տուժածներ, շտապօգնության մեքենաներ են ուղևորվել դեպի դեպքի վայր։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է 2 զոհի, ավելի քան 70 վիրավորի մասին։
«Ցնցվեց ամբողջ քաղաքը». Շահան Գանտահարյան
«Ազդակի» խմբագիր Շահան Գանտահարյանը Բեյրութից «Ազատությանը» հայտնել է. - «Հզոր պայթյուններ որոտացին, բարձրացավ, որ օդային հարձակում է Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլա»-ի կենտրոնատեղիին: Հսկա փլուզումներ, ցնցվեց ամբողջ քաղաքը»:
Գանտահարյանի փոխանցմամբ՝ քաղաքի բնակչությանը ապաստարաններում պատսպարվելու կոչեր չեն հնչել:
Նեթանյահուն վերադառնում է Իսրայել
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում գտնվող Բենիամին Նեթանյահուն շտապ վերադառնում է Իսրայել։
Բեյրութին հասված հարվածներից հետո Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չէր պլանավորվող հարձակման մասին։
«Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել այս գործողության մեջ, և մենք նախնական նախազգուշացում չենք ունեցել»,- ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
Հարձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետի ելույթից ժամեր անց։ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, թե չեն հանգստանա, քանի դեռ Իսրայելի քաղաքացիներն իրենց տներ անվտանգ վերադառնալ չեն կարող և չեն հանդուրժելու երկրի հյուսիսային սահմանին ահաբեկչական բանակի առկայությունը։
Իրանի ռազմա-քաղաքական աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ շարունակվող ռազմական գործողությանը զուգահեռ Իսրայելի վարչապետը Թեհրանին զգուշացրել է՝ Իսրայելի համար Իրանում որևէ անհասանելի կետ չկա։
Շաբաթասկզբից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով կա ավելի քան 700 զոհ
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ շաբաթասկզբից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ։ Չորեքշաբթի օրը 11 երկրներ և Եվրամիությունը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իսրայելին և «Հեզբոլա»-ին երեքշաբաթյա հրադադար կնքել և այդ ընթացքում փորձել հակամարտության խաղաղ լուծում գտնել։ Իսրայելի իշխանությունները, սակայն, մերժել են առաջարկը։
Հարվածը միտված է լիբանանա-իսրայելական հակամարտությունը սրելուն և «փոխում է խաղի կանոնները». Իրանի դեսպանատուն
Բեյրութում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում է, որ Իսրայելը թիրախավորել է խիտ բնակեցված բնակելի թաղամասեր։
Դեսպանատունը քիչ առաջ տարածած հայտարարությամբ ընդգծում է՝ Բեյրութում «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբին հասված հարվածը միտված է լիբանանա-իսրայելական հակամարտությունը սրելուն և ամբողջությամբ «փոխում է խաղի կանոնները»։
«Կասկածից վեր է, որ այս դատապարտելի հանցագործությունն ու անխոհեմ պահվածքն իրենից ներկայացնում է խաղի կանոնները փոխող լուրջ սրացում»,- հայտարարել է իրանական դեսպանատունը՝ նախազգուշացնելով պատասխան քայլի մասին։