Լիբանանի տարածքի ռմբակոծությունների մեկնարկից օրեր անց իսրայելցիները բաց տեքստով հայտարարում են՝ օդային հարվածներին հետևելու է ցամաքային հարձակումը։ Այս մասին նախօրեին, առաջնագիծ կատարած այցի ժամանակ, հայտարարում էր Իսրայելի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։
«Մեր նպատակը շատ հստակ է՝ մեր հայրենակիցներին անվտանգ կերպով վերադարձնել երկրի հյուսիսային շրջաններ։ Դրան հասնելու համար մենք պետք է մանևրենք, մեր ստորաբաժանումները պետք է մուտք գործեն թշնամու տարածք, այն գյուղեր, որոնք «Հեզբոլա»-ի հենակետերի են վերածվել՝ ստորգետնյա ենթակառուցվածքներով և հրթիռների արձակման համար նախատեսված հարթակներով։ Ձեր գործողությունները ցույց կտան «Հեզբոլա»-ին, թե ինչ է նշանակում կռվել պրոֆեսիոնալ և փորձառու ուժերի դեմ», - դիմելով ենթականերին հայտարարում էր իսրայելական Գլխավոր շտաբի պետը։
Հնարավոր ցամաքային հարձակման ժամկետներն առայժմ չեն հստակեցվում։ Իսրայելական օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ ոչ միայն «Հեզբոլա»-ի միջնաբերդը համարվող հարավում, այլև Բեյրութի արվարձաններում և Բեքաայի հովտում։
Իսրայելական կողմը պնդում է, որ իրենց հարվածների թիրախում բացառապես «Հեզբոլա»-ի ռազմական օբյեկտներն են։ Լիբանանի կառավարությունը, սակայն, հայտարարում է, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Միայն երեկ իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում 51 մարդ է զոհվել, ևս շուրջ 200-ը վիրավորվել են։
Իսրայելը մերժում է Լիբանանում հրադադար հաստատելու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկը
Ռազմական գործողություններին զուգահեռ միջազգային հանրությունը փորձում է դիվանագիտական լուծումներ գտնել։ Անցած գիշեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հանդես եկան Լիբանանում հրադադար հաստատելու առաջարկով։ Այս մասին հայտարարում էր Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
«Դիվանագիտական լուծումը հնարավոր է։ Վերջին մի քանի օրերին մենք մեր ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք 21-օրյա ժամանակավոր հրադադար հաստատելու ուղղությամբ, ինչն, իր հերթին, բանակցություններ սկսելու հնարավորություն կտա», - նշում էր ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը։
Իսրայելը, սակայն, շտապեց մերժել այս առաջարկը։
«Հյուսիսում հրադադար չի լինելու։ Մենք ողջ ուժով շարունակելու ենք կռվել «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ», - X-ի իր օգտահաշվում այսօր գրել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։
Իսրայելում պնդում են, որ ռազմական գործողությունների դադարեցումն ու 21-օրյա հրադադարը «Հեզբոլա»-ին վերախմբավորվելու և պատերազմն ավելի շահեկան դիրքերից շարունակելու հնարավորություն կտան։ Տարածաշրջանային դերակատարներից շատերի կարծիքով, սակայն, հրադադարի այլընտրանքը լայնածավալ պատերազմն է։ Այս մասին է մասնավորաբար զգուշացնում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Իրանն արդեն իսկ հսկայական համբերություն և զսպվածություն է ցուցաբերել՝ հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության։ Լիբանանում լայնամասշտաբ պատերազմի դեպքում, սակայն, Իրանը անհաղորդ չի մնա», - հայտարարում էր Իրանի արտգործնախարարը։