Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, տնտեսական համագործակցության ադրբեջանաիրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեգին, փոխանցում է Ադրբեջանի նախագահականը։
Հանդիպումից այլ մանրասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սադեգին Բաքվում կքննարկի տրանսպորտի, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, նավթի ու գազի ոլորտներին վերաբերող հարցեր։
Օրերս Հայաստանում էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա Երևանում հայտարարեց, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության՝ շեշտելով՝ խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում երկխոսությամբ, առանց ուժի կիրառման:
Ադրբեջանը Հայաստանից Սյունիքով միջանցք է ուզում Նախիջևանի հետ կապվելու համար։ Հայաստանը մերժում է միջանցքային ցանկացած տրամաբանություն։ Հարցին, թե ի՞նչ քայլի կդիմի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել հարցը, իրանցի պաշտոնյան պատասխանել էր՝ դրան դեմ են:
«Իրանը միանգամայն կողմ է, որ տարածաշրջանի երկրները օգտագործեն հաղորդակցության և տրանզիտային ուղիները, բայց միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման և երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում: Բացի սրանից, որևէ այլ ուղի ընդունելի չէ», - Երևանում ասել էր Իրանի արտգործնախարարը: