Մատչելիության հղումներ

Տավուշում սահմանազատումը ի՞նչ է ենթադրում. փոխվարչապետի գրասենյակը լուռ է, ընդդիմությունը խոսում է զիջումներից


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պարզաբանում՝ Տավուշում սահմանազատում իրականացնելիս ինչպե՞ս է լուծվելու մի կողմից Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող երեք անկլավների, մյուս կողմից դեռ 90-ականներից Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների հարցը: Արտգործնախարարության երեկվա հաղորդագրությունն էլ որևէ հստակություն չէր պարունակում:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամ Հասմիկ Հակոբյանը պնդեց՝ անկլավ/էքսկալվների վերաբերյալ դեռ որոշում չկա:

«Սա առանձին պետք է քննարկվեր, էնպես որ էս պահի դրությամբ դրա հետ կապված որևէ նորություն չկա, որպեսզի լինի նաև դրա մասին հաղորդագրություն», - նշեց Հակոբյանը:

Իշխանական պատգամավորին երեկվա հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն:

Տրամաբանական կլիներ, եթե սահմանազատումը սկսեին Ջերմուկից, Ներքին Հանդից, Սոթքից, Սև լճից. Աբրահամյան

Սահմանազատվող հատվածների հաջորդականությունը ոչ մի լավ բան չի հուշում ընդդիմությանը:

«Հունվարին Բաքվից հնչած սպառնալից հայտարարություններից հետո Հայաստանի իշխանությունն արդեն երրորդ զիջմանն է գնում. առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված համաձայնությունն էր, երկրորդը՝ Սահմանադրության փոփոխություններն ավելի սեղմ ժամկետներում իրականացնելու հայտարարությունը, որ արդարադատության նախարարը հնչեցրեց, երրորդը՝ սահմանազատման այն պարբերականությունը և այն ուղղությունները, որի հետ կապված երեկ եղավ հայտարարություն», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Սահմանազատման հանձնաժողովները երեկվա համատեղ նիստում որոշել են սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանն ամբողջությամբ՝ հյուսիսից հարավ։ Մեկնարկն, ըստ էության, տրվում է Տավուշից:

Տրամաբանական կլիներ, եթե սկսեին Ջերմուկից, Ներքին Հանդից, Սոթքից, Սև լճից, ասում է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Հենց այս հատվածներում 2021-ից հետո հայկական որոշ տարածքներ Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Նրա գնահատմամբ՝ Տավուշից սկսելը Ադրբեջանի համար է շահեկան:

«Վրաստանից Հայաստան մտնող գազատարն անցնում է Տավուշով և մասնավորապես այն հատվածներով, որտեղ պետք է տեղի ունենան այդ աշխատանքները: Երկրորդը՝ կոմունիկացիաները, եթե քարտեզով պատկերացնում եք, թե որտեղ է գտնվում Վերին Ոսկեպարն, ապա ցանկացած մարդ կհասկանա, թե այդ հատվածի հանձնում ինչ է կոմունիկացիների վտանգավորության առումով ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար», - ընդգծեց նա:

«Դեմարկացիայի փուլում փոխանակման մոտեցումը պետք է կիրառել»

Տավուշում իշխանությունը գարնանը, ինչպես վարչապետն էր ասում, պիլոտային սահմանազատում արեց, և Ադրբեջանին վերադարձրեց Հայաստանի վերահսկողության տակ գտնված չորս գյուղ: Այժմ էլ մարզում ադրբեջանական երեք անկլավ կա՝ Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար: Իսկ Տավուշի մի շարք բնակավայրերի հողատարածքներ դեռ 90-ակակներից Ադրբեջանն է վերահսկում։ Վարչապետ Փաշինյանը դեռ ամռանը հայտարարում էր՝ որտեղ մենք ենք առաջ, պետք է հետ գնանք, որտեղ Ադրբեջանն է առաջ, իրենք պետք է հետ գնան:

«Տեղեր կան, կարող է լինի գաղափար՝ եկեք 100 քառակուսի մետր մենք ձեզ տանք, 100 քառակուսի մետր դուք մեզ տվեք: Էդ էլ մենք չենք կարա դա անենք, էդ ժամանակ, եթե տենց թեմաներ լինեն, պետք է հանրաքվե անենք, դուք պետք է որոշեք՝ ուզում եք, թե չեք ուզում», - ասել է վարչապետը:

Թե ինչպիսին է այժմ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հայտնի չէ:

Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ դեմարկացիայի փուլում փոխանակման մոտեցումը պետք է կիրառել՝ հաշվի առնելով երկրների կենսական շահերը:

«Այնտեղ, որտեղ հնարավոր է և հնարավորություն է տալիս պահպանել Հայաստանի կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքները կամ պաշտպանական տեսանկյունից խնդիրները լուծել, այդտեղ միանշանակ պետք է տեղի ունենա փոխանակման գործընթացը: Այս պահին եկեք կոնկրետ չասենք՝ այս գյուղը կամ այն գյուղը: Նույն Ոսկեպար գյուղի հանձնումն, օրինակ, ոչ միայն մեծ խնդիր է առաջացնելու մոտակա գյուղերի համար, այլև ողջ Տավուշի մարզի ու դրանով նաև Հայաստանի Հանրապետությունը Տավուշի մարզով հյուսիսին կապող ուղիների համար», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Թե ի՞նչ սկզբունքով առաջ կշարժվեն սահմանազատման հանձնաժողովները և ե՞րբ կհասնեն խնդրահարույց այդ հատվածներին, պարզ չէ: Երեկվա հաղորդագրության մեջ որևէ ժամկետ նշված չէր:

Ինչ են մտածում Տավուշի բնակիչները սահմանազատման մասին

«Ազատության» թղթակիցը զրուցել է Տավուշի մարզի բնակիչների հետ: Մարդիկ մտահոգություն են հայտնում, մասնավորապես, թե արդյոք այս սահմանազատմամբ կվերադարձվեն այն հողատարածքները, որոնք դեռևս 90-ականներից անցել են ադրբեջանական վերահսկողության տակ:

XS
SM
MD
LG