Նորք-Մարաշ համայնքում մոտ երեք ամիս առաջ Ավինյանները եռահարկ առանձնատուն են գնել: Կադաստրի կոմիտեի փաստաթղթերով՝ պաշտոնապես տան սեփականատերը քաղաքապետի մայրն է՝ Հասմիկ Խլղաթյանը:
Տան գնի մասին փաստաթղթերում տեղեկություն չկա: Լրատվամիջոցները տարբեր թվեր են հրապարակել՝ 500-ից մինչև 650 հազար դոլար:
Հրապարակված թվերը չափազանցված են, իրականությանը չեն համապատասխանում, «Ազատության» հետ զրույցում պնդեց քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը: Իսկ թե որքա՞ն են վճարել, նա հրաժարվեց ասել:
«Վերջապես կան քաղաքում շուկայական գներ ու հասկանալի է, որ նման տունը չի կարա էդ գնի լինի», - նշեց Արմեն Ավինյանը:
Տունը մոտ 300 քառակուսի մետր է, օժանդակ շինություն էլ կա, 730 մետր էլ հողատարածքն է: Ըստ փաստաթղթերի՝ առանձնատունը գնել են անցած նոյեմբերի 19-ին ու նույն օրն էլ գրավադրել «Բիբլոս» բանկում: Այսինքն՝ հիփոթեքային վարկով են գնել: Հիփոթեքային վարկն էլ այն պայմաններով է, ինչ շարքային քաղաքացիներին, շեշտեց քաղաքապետի հայրը:
Ըստ նրա՝ գումարի մի մասն է վարկ, մյուս մասը իրենց երկու բնակարաններն են վաճառել. - «Երկու հատ գույք եմ վաճառել մինչև այդ՝ հայրական տուն և այլն»:
Լուրեր հրապարակվեցին նաև, թե այդ առանձնատունը վաճառում են, Արմեն Ավինյանը հերքեց:
Քաղաքապետի ծնողները հայտարարագիր չեն ներկայացնում, քանի որ պաշտոնյայի հետ չեն բնակվում, նրանց ներկայացրած տվյալները հնարավոր չէ պաշտոնական հայտարարագրերով ստուգել: