Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի մշակած նոր առաջարկով Ուկրաինան պետք է հրաժարվի իր տարածքի և զենքի մի մասից


Պատերազմ Ուկրաինայում, ռուսական հարվածի հետևանքները
Պատերազմ Ուկրաինայում, ռուսական հարվածի հետևանքները

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի մշակած նոր առաջարկը կոչ է անում Կիևին հրաժարվել իր տարածքի և զենքի մի մասից, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Առաջարկին անմիջականորեն տեղյակ ուկրաինացի մի պաշտոնյա «Ազատության» հետ զրուցում հաստատել է, որ Կիևը «նման ազդակներ է ստացել Վաշինգտոնից»: Նա, սակայն, հրաժարվել է ավելին հայտնել կամ մեկնաբանել Ուկրաինայի դիրքորոշումը:

Առայժմ այս թեմային չի արձագանքել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով հանդիպումներ է անցկացնում Թուրքիայում՝ խաղաղության բանակցությունները խթանելու նպատակով։

ԱՄՆ-ի առաջարկները, ըստ տեղեկությունների, նախատեսում են մի շարք տարածքների զիջում, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի և ԱՄՆ ռազմական օգնության կրճատում, որը առանցքային նշանակություն ուներ Ուկրաինայի համար՝ ռուսական ուժերի դեմ պայքարում։

Բացի այդ, Կիևը պետք է համաձայնի, որ երկրի տարածքում որևէ օտարերկրյա զորք չի տեղակայվելու, և Ուկրաինան այլևս չի ստանալու հեռահար զինատեսակներ:

Առաջարկները, որոնք մանրամասն ներկայացրել են The Financial Times-ը և Reuters-ը, մեծ մասամբ համապատասխանում են Ռուսաստանի՝ այս տարվա սկզբից ի վեր առաջադրած կոշտ պահանջներին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց թափ հաղորդել խաղաղության գործընթացին։

Այս տեղեկությունների տարածումից կարճ ժամանակ անց Զելենսկին Telegram-ում շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահին՝ վերջին բանակցությունները հյուրընկալելու համար, ինչպես նաև դրվատեց «նախագահ Թրամփի վճռական քայլերն ու առաջնորդությունը՝ հանուն այս պատերազմը ավարտելու յուրաքանչյուր ուժեղ և արդար առաջարկի»։

«Միայն նախագահ Թրամփը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունեն բավարար ուժ, որպեսզի պատերազմը վերջապես ավարտվի»,-գրել է արդեն չորրորդ տարին պատերազմող երկրի նախագահը:

Չնայած երախտիքի խոսքերին՝ ներկայացված այս պլանը կարող է դժվարին դրության մեջ դնել Զելենսկուն, ով երկրորդ շաբաթն է՝ դիմակայում է նաև ներքին ճգնաժամին՝ էներգետիկ համակարգում բացահայտված կոռուպցիոն սկանդալի պատճառով:

Մարտադաշտում Ռուսաստանը մոտենում է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքին, ինչը կարող է ճանապարհ հարթել Ուկրաինայի արևելյան Դոնբասի ամբողջ շրջանը օկուպացնելու՝ Պուտինի ծրագրերի համար:

Ռուսաստանը նաև ձմռան շեմին շարունակում է թիրախավորել Ուկրաինայի քաղաքներն ու էներգետիկ ենթակառուցվածքները՝ ձգտելով բարոյալքել պատերազմին դիմակայող ուկրաինացիներին։

XS
SM
MD
LG