Ռուսաստանը գիշերը զանգվածաբար հարվածել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլ քաղաքին, կա 10 զոհ, տասնյակ վիրավորներ: Հարվածել են նաև Լվովին, որտեղ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ: Սահմանին մոտ այս քաղաքներին հարվածներից հետո Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել։
Ռուսական զինուժը հարվածել է նաև Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին, վիրավորվել է 30-ից ավելի մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
«Պայթյունի ալիքն ինձ շպրտեց միջանցքի խորքը։ Ընկա կոտրված ապակիների վրա, ապա վեր կացա և սկսեցի փնտրել հարազատներիս՝ համոզվելու, որ ապահով են: Դրսում մեքենաներ էին այրվում», - պատմել է Խարկովի բնակիչ Դանիլո Բոնդարևը:
Ուկրաինական զինուժն իր հերթին հայտարարել է, որ ATACMS հրթիռներ է կիրառել Վորոնեժում ռազմական թիրախներին հարվածելու համար: Ռուսական կողմը պնդել է, որ խոցել է այս հրթիռները, ոչնչացրել դրանք արձակող սարքերը։
Զելենսկին ժամանել է Թուրքիա՝ բանակցությունների պատերազմը դադարեցնելու շուրջ
Մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները, նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Թուրքիա՝ վերսկսելու պատերազմը դադարեցնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները, որոնց Մոսկվան չի մասնակցում:
Հաղորդվում էր, որ Թուրքիայում Զելենսկին և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կհանդիպեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Ավելի ուշ հաղորդվեց, որ հանդիպումը չեղարկվել է: Երմակը, սակայն, սոցցանցում գրել է, որ մշտապես կապի մեջ է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների և Ուիթքոֆի հետ, իսկ բոլոր հանդիպումները տեղի են ունենում, ինչպես նախատեսված են:
ԱՄՆ-ն պատերազմը դադարեցնելու ուղիներ է փնտրում. Axios
Axios-ը հաղորդում է, որ Սպիտակ տունն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետանոց նոր ծրագիր է մշակում: Այն անդրադառնում է Ուկրաինայում խաղաղությանը, անվտանգության երաշխիքներին, Եվրոպայում անվտանգությանն ու ապագայում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Սակայն հասկանալի չէ, թե ինչ է առաջարկվում Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքների մասով:
Ծրագրի մշակումը ղեկավարում է Ուիթքոֆը, որն ակտիվ աշխատում է Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Վերջինս ասել է, որ այս ծրագիրը հաշվի է առնում Ռուսաստանի դիրքորոշումը: Կրեմլի խոսնակն ասել է, որ ոչ մի նոր բան չկա:
«Ոչ։ Այս պահին այս հարցում որևէ նորություն չկա, որը կարելի է ձեզ հաղորդել։ Քննարկումներ եղել են Անկորիջում, և այնտեղ քննարկվածին ավելացնելու որևէ նոր բան չկա», - նշել է Դմիտրի Պեսկովը:
Ըստ Axios-ի՝ Ուիթքոֆն այս շաբաթ ծրագիրը Մայամիում քննարկել է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ: Այն ներկայացվել է նաև եվրոպացի դաշնակիցներին:
Ամերիկյան Wall Street Journal-ն ու Politico-ն էլ հայտնում են, որ Կիև է մեկնել ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակությունը՝ քննարկելու պատերազմը դադարեցնելու ուղիները, մարտադաշտում իրավիճակը և Ուկրաինայի զենքի արտադրությունը։ Զելենսկին պատվիրակությանը կընդունի վաղը:
Ներքաղաքական ճգնաժամ Ուկրաինայում
Ու մինչ ԱՄՆ-ն պատերազմը դադարեցնելու ուղիներ է փնտրում, Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամ է հասունանում: Ընդդիմությունը երեկ արգելափակել է խորհրդարանի ամբիոնը և թույլ չի տվել, որ տեղի ունենա քվեարկությունը՝ հատաստելու էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականները, որոնք ներկայացվել էին էներգետիկ ոլորտում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ընդդիմադիրները պահանջում են պաշտոնանկ անել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և ողջ կառավարությանը:
Ուկրաինան, որը մտահոգված է իր հաջորդ տարվա բյուջեի պակասուրդով, եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել «քաղաքական որոշում կայացնել» ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային 163 մլրդ դոլարի վարկ տրամադրելու համար: Այս հարցի շուրջ որոշումը հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 18-ը: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրան ասել է, որ սա վերջին հնարավորությունն է. «Սրան այլընտրանք չկա։ Եթե Եվրոպան ցանկանում է, որ Ուկրաինան գոյատևի, իսկ Եվրոպան՝ անվտանգ մնա, ապա այս ակտիվները պետք է օգտագործվեն։ Եվ իրականում, անհրաժեշտ մասշտաբի ֆինանսավորման իրատեսական այլ աղբյուր չկա»: