Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին դատարանն այսօր մեղավոր ճանաչեց, բայց չդատապարտեց՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով։ Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։
«Ես որևէ հանցավոր արարք ոչ միայն չեմ կատարել, այլ ամբողջ նիստի ընթացքում, ինչը լուսաբանվել է, ինձ որևէ հանցավոր արարք չի վերագրվել: Մի տարի հետո, վեց ամիս հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո այս բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունենալու», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավորը:
Այսօրվա վճիռը դեռ չի նշանակում, որ Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ դատավոր կդադարեցվեն։ Դա տեղի կունենա վճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո միայն, իսկ սա կախված է բողոքարկումից։ Դատական նիստից անմիջապես հետո Թովմասյանը հայտարարեց, որ կբողոքարկի, իսկ այս գործընթացը կարող է տարիներ տևել։ Եվ եթե վերադաս դատական ատյանները չբեկանեն այսօրվա վճիռը, նոր միայն ՍԴ դատավորի լիազորությունները կդադարեցվեն։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանում ավարտվում է 2030 թվականին։ Հստակ չէ, թե բողոքարկման գործընթացն արդյոք կձգվի մինչև այդ ժամկետը։
«Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր՝ իր ամբողջ էությամբ, և երբ որ դատավորը նիստում սկսում է քնել, ապա և մոտավորապես քնած էլ կարող են էսպիսի վճիռ կայացնել, կարող ենք մոտավորապես էդ պնդումը անել», - հայտարարեց ՍԴ դատավորը՝ մանրամասնելով. - «Անհաղորդ էր ամբողջին՝ ամբողջ պրոցեսին, իրեն պրոցեսը հետաքրքիր չէր, ինքը ի սկզբանե գիտեր ինչ որոշում է կայացնելու»:
Ըստ քրեական գործի՝ Թովմասյանը, երբ արդարադատության նախարար էր, մի դեպքում այնպես է արել, որ իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ միասին աճուրդով գնել են համայնքին պատկանող Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները, իսկ Ալեք Մանուկյանի հասցեի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս, Թովմասյանի գույքն այս գումարի չափով արգելանքի տակ է։
Նա դատարանի դահլիճում պնդել էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է։ Իր արդարացման ճառը Թովմասյանը մոտ մեկ շաբաթում ներկայացրեց՝ հաճախ ժամերով ընթերցելով այն։
Այսօր դատավճռից հետո Սահմանադրական դատարանի դատավորը պնդեց՝ ելքն իր համար կանխատեսելի էր, բայց ինքը դատարանին հնարավորություն էր տվել, ինչպես ինքը ձևակերպեց, «արդարադատություն իրականացնել»:
«Սա իմ դատավճիռը չի, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մի քար հանելու ճանապարհին կատարված քայլ է», - պնդեց Հրայր Թովմասյանը:
Նրա փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին պնդեց՝ այս վճիռը այս պահին որևէ հետևանք չի առաջացնում. - «Այս վճիռը, այս տեքստը, որը ունենք այսօրվա դրությամբ, որևէ հետևանք՝ անմիջապես հետևանք, չի առաջացնում՝ բացառությամբ պարոն Թովմասյանի գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը»:
4.5 տարի շարունակվող դատավարության ավարտին դատախազը 7 տարվա ազատազրկում էր պահանջել՝ նորից պնդելով, որ նախկին նախարարը հանցագործություն է կատարել և պետք է մեղավոր ճանաչվի։ «Ազատության» հետ զրույցում դատախազ Արսեն Մարգարյանն ևս ընդգծել էր, որ վաղեմության ժամկետներն անցնելուց հետո Թովմասյանը չի ազատազրկվի, բայց կկորցնի ՍԴ դատավորի պաշտոնը վճիռն ուժի մեջ մտնելուց հետո։
«Եթե ուժի մեջ մտավ, դատարանը ազատազրկում տվեց, ուրեմն պիտի ի կատար ածվի դատական ակտը։ Սահմանադրական դատարանի մասին օրենքով էլ կա, որ մեղադրական դատական ակտ կայացված լինելու, օրինական ուժի մեջ մտնելու, կամ նույնիսկ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու հանգամանքը խոչընդոտ է արդեն դատավորի բարձր պաշտոնը զբաղեցնելու համար», - ասել էր Մարգարյանը:
Արդարացում պահանջող Թովմասյանն այս քրեական գործը քաղաքական հետապնդում է համարում։ 2018-ին Բարձր դատարանի նախագահ ընտրված Թովմասյանը մեղադրանքի քաղաքական լինելու մասին խոսելիս նկատի ուներ, որ նոր իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ուզում էր ազատվել իրենից ու մյուս դատավորներից։
Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում 2020 թվականին Թովմասյանը վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր, ևս երեքն ազատվեցին աշխատանքից:
Իշխանությունները հերքում են քաղաքական հետապնդման մասին պնդումները։