Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց երկու դրվագով: Միևնույն ժամանակ Թովմասյանն ազատվեց պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Դատական նիստի ավարտին Հրայր Թովմասյանը հայտարարեց՝ ելքն իր համար կանխատեսելի էր, բայց ինքը դատարանին հնարավորություն էր տվել, ինչպես ինքը ձևակերպեց, «արդարադատություն իրականացնել»:
«Սա իմ դատավճիռը չէ, այլ մեր երկրի արդարադատության հիմքից ևս մի քար հանելու ճանապարհին կատարված քայլ էր: Եվ այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ: Երբ դատավորը նիստում էր քնում, քնած էր որոշում կայացրել»-, նշեց Թովմասյանը՝ հավելելո՝ որոշումը բողոքարկելու են:
Թովմասյանի մեղադրանքը հիմնավորող դատախազն ավելի վաղ պնդել էր՝ Սահմանադրական դատարանի դատավորը կազատազրկվի, եթե դատավճիռն ուժի մեջ մտնի մինչև դեկտեմբեր։ Եթե չազատազրկվի, միևնույն է պաշտոնից կազատվի։ Դատախազը 7 տարվա ազատազրկում էր պահանջում, պաշտպանական կողմը՝ արդարացում։
Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը բացատրեց՝ բարձր դատարանի դատավորի պաշտոնավարման հետ կապված այս պահին որևէ բան չի սպասվում. - «Վճռով որևէ բան չի սպասվում, այն ստանալուց հետո կքննարկենք բողոքարկման հիմքերը, դրանք արդեն առկա են, երբ վճիռ ունենանք, մնացածը կխոսենք: Քանի դեռ ուժի մեջ չի մտել, որևէ բան չի սպասվում, պաշտոնավարոման շարունակության հարցը քննարկման հարց կդառնա, երբ մտնի ամբողջությամբ ուժի մեջ»:
Հետևանքներ, ըստ նրա, կառաջանան, երբ դատավճիռն ամբողջությամբ մտնի ուժի մեջ:
- Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում գտնվող շենքի տարածքը, և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետությանը պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։
- Նա դատարանի դահլիճում պնդել էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է, դրդապատճառը՝ քաղաքական։
Մանրամասները տե՛ս այստեղ