Մատչելիության հղումներ

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ինքնակամ ներկայացավ դատարան


Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն այսօր ներկայացավ դատարան, որտեղ շարունակվեց նոտարական գրասենյակների գործով դատական նիստը, որով ինքը մեղադրյալ է։ Նախորդ դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ոստիկանությանը հանձնարարել էր նրան բերման ենթարկել, սակայն Հրայր Թովմասյանը ներկայացավ դատարան ոչ թե բերման ենթարկելու արդյունքում, այլ ինքնակամ։

Նա հայտարարեց, որ սպասել է, որ մոտենան և իրեն բերման ենթարկեն, սակայն որևէ մեկը դա չի արել։ Որտեղ է նա սպասել իրավապահներին՝ չհստակեցրեց։

Այսօրվա նիստում պաշտպանական ճառն էր շարունակվում։ Արամ Օրբելյանը մոտ 2 ժամ ունեցած ճառում մանրամասն ներկայացրեց իրենց կարծիքը այս քրեական գործի վերաբերյալ, խոսեց Թովմասյանին մեղսագրվող արարքների մասին՝ պնդելով, որ քրեական գործերում չկա մի դրվագ, որով կոնկրետ նշված լինի, թե ՍԴ դատավորն ինչ հանցանք է գործել։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվում արդարադատության նախարար եղած ժամանակահատվածի հետ կապված։ Ըստ դատախազության՝ Թովմասյանն «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերության մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով երկու նոտարների իրենից կախյալ վիճակը, 2013-ի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն, որի հետևանքով այդ երկու նոտաներից յուրաքանչյուրից մինչև 2014թ. ապրիլը ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար, ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ»։

Սրա վերաբերյալ պաշտպանական կողմի ճառը կշարունակվի նաև հաջորդ դատական նիստին։

Դատարանի բակում արդեն լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանն անդրադարձավ նախկինում արած իր հայտարարությանը, որ իրեն ասել են, թե եթե ինքը շարունակի զբաղեցնել բարձր դատարանի նախագահի պաշտոնը, ապա իրեն սպասում է այս քրեական գործը։ Նա չհստակեցրեց, թե կոնկրետ ով է նման հորդորով իրեն դիմել, բայց թե ինչու ինքը այդ հարցով այն ժամանակ չի դիմել իրավապահներին, արձագանքեց, թե իրեն հենց իրավապահներն են դիմել։ Թե կոնկրետ որ կառույցից, և ով է նրան հորդորել, որ լքի բարձր դատարանի նախագահի պաշտոնը, Հրայր Թովմասյանը չհստակեցրեց, խոստացավ որոշ փակագծեր բացել իր ավարտական ճառում։

Հարցին, թե ինչո՞ւ էր այս տարիներին առարկում դատական նիստերի լուսաբանմանը, նա պատասխանեց. - «Իմ ավարտական ճառում կասեմ։ Ես ունեմ երկու խնդիր՝ պայքարի դրսում և պայքար մաքուր իրավական դատարանում, և ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որոնք Հայաստանին սպառնում են, չպետք է ես փորձեմ իմ անձով ինչ-որ օրակարգ ստեղծել և լցնել դրանով»։

XS
SM
MD
LG