Վարչապետի հանդիպումը Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ անաղմուկ չանցավ: Երեկվանից սոցիալական ցանցերում քննարկում ու քննադատում են բարձրաստիճան հոգևորականին, որ աղոթում է Նիկոլ Փաշինյանի ծրագրերի համար:
«Մեր աղոթքն է, որ, պարոն վարչապետ, Ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ», - Վազգեն արքեպիսկոպոսն այսպես է ողջունել Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում վարչապետին, - «Կհրավիրեմ բոլորին՝ մեր վարչապետի հետ միասին, աղոթքի»:
Հայկական պատվիրակությանը հրավիրել է աղոթքի ու հետո իր սրտի խոսքն ասել՝ խիստ քաղաքական բնույթի. - «Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ՝ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի»:
Փաշինյանի խաղաղարար ծրագրերի համար աղոթող հոգևորականն ուզում է, որ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը քայլերը փոխի դեպի Եվրոպա: Սրա համար էլ են աղոթում. - «Որովհետև մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից՝ Տրդատ թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, և համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում եմ այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է: Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես Մերձբալթյան երկրների պես, դիցուք՝ Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել: Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, Ձեզ»:
Վազգեն արքեպիկոպոս Միրզախանյանի խոսքերն անարձագանք չթողեց Փաշինյանի քաղաքականությունն ու ծրագրերը քննադատող Մայր Աթոռը: Թեմակալ առաջնորդի արտահայտած որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական ու վերագրելի չեն Եկեղեցուն, այսօր պարզաբանել են Մայր Աթոռից. - «Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:
Ո՞ր մտքից ու դատողությունից են հատկապես բարկացել Սուրբ Էջմիածնում՝ Փաշինյանի խաղաղարար ծրագրերի հաջողությանն համար աղոթքի՞ց, թե՞ աշխարհաքաղաքական դատողություններից: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի Արթենյանը չցանկացավ հաղորդագրությունից դուրս հարցերի պատասխանել. - «Ամեն ինչ ասված է այդ հաղորդագրությամբ: Առանց մեկնաբանության»:
Վազգեն արքեպիկոպոս Միրզախանյանը մեկ ամիս է ինչ Եվրոպա է տեղափոխվել: Երկար տարիներ Վրաստանի Հայոց թեմի առաջնորդն էր, հոգևոր ծառայությունն այստեղ թողել է 2019 թվականին ու տեղափոխվել Մայր Աթոռ:
Եկեղեցու ու գործող իշխանության հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո են սրվել: Մայր Աթոռը շարունակում է քննադատել Փաշինյանի վարած քաղաքականությունը, հրաժարականի պահանջին էլ դեռ հավատարիմ են: