Քրիստոսի Հարության լավ լուրը լսելու ու պատարագին մասնակցելու համար երեկ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա դարձյալ Մայր Աթոռ չէր շտապել։ Առաջին շարքերում Եվրամիության ու Հայաստանում Չեխիայի դեսպաններն էին։
«Հայրապետական մեր հորդորն է ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը», - իր ուղերձում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Վեհափառի հորդորի հենց այս նույն հատվածն էր սոցցանցի իր էջում առանձնացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ այսպիսի ճշգրտմամբ․ «Վստահ եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի այս պատգամին»։
Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքում հայրենավնաս քայլերից, ստից, կեղծիքից, ազգակործան բարքերից հեռու մնալու հորդորից բացի՝ ներքին պառակտումների թեման էր. «Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի»։
Վեհափառը համախմբվելու կոչ արեց՝ պատուհասած դժվարությունները հաղթահարելու համար։ Իշխանական ու հոգևոր այրերը, սակայն, համախմբման որևէ նշան ցույց չեն տալիս։
Վարչապետ Փաշինյանը մի քանի տարի է նոր ավանդույթ ունի՝ հայրապետական պատարագների բացը լրացնում է սաղմոսներով, այս Զատկին՝ «Ապահովության սաղմոսը» կարդաց։
Մայր Աթոռ – իշխանություն հակամարտությունն ավելի քան 4 տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, և սկսվեց՝ «ոչ հոգատար, կործանարար իշխանություն» ու «կոռումպացված, Աստծուն չհավատացող հոգևորականներ» փոխհրաձգությունը։ Մայր Աթոռի սրբազաններից Բագրատ արքեպիսկոպոսի հրապարակ մտնելը էլ ավելի թեժացրեց կռիվը: Այժմ արդեն թեմա է դառնում նույնիսկ այնպիսի խորհրդանշական քայլը, ինչպիսին Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարում պատշգամբներից մեկում երևացած Արցախի դրոշն է, որ 3 հայ հոգևորականներն են պահում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Հայաստանի համար նոր պատերազմի նախապատրաստման կասկածներ ունի Արցախի դրոշով հայ հոգևորականների լուսանկարը տեսնելուց հետո։ Սոցցանցի իր էջում Չախոյանը գրել է․ «Դրոշը ծածանելով Հայաստանի համար նոր պատերազմ ե՞ն նախապատրաստում։ Դաշնակաբարո դրոշ վառելով պետություններն էին կործանում։ Այսօր դրոշ ծածանելով Ղարաբաղ են փրկում։ Մարդկանց մոլորեցնելով փորձանքի տանելը սրիկայություն է պետության ու սեփական ժողովրդի նկատմամբ»։
Մայր Աթոռի տեղեկատվական վարչությունից կառավարական պաշտոնյայի գրառումը մեկնաբանել չցանկացան։
Դրոշը Երուսաղեմում պարզողը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է։ «Ազատություն» նրա հետ կապ հաստատել չկարողացավ։ Դեռ Երուսաղեմում է։
Չախոյանի գրառման հետ ամբողջությամբ համաձայն է Վարդան Աֆյանը, նա ադվենտիստների եկեղեցու հետևորդ է և Փաշինյանի քաղաքականության կողմնակից. «Մենք այսօր պիտի մտածենք այս ժողովրդին փրկելու մասին: Այն ուտոպիստական, քաղաքական ամբիցիաները, որ ասում են՝ գնանք, ամեն գնով փրկենք Ղարաբաղը...Փաշինյանը շատ ճիշտ տրամաբանում է, ասում է՝ մենք գնալով փրկելով Ղարաբաղը, կկորցնենք Հայաստանը», - ասաց նա: