Մատչելիության հղումներ

Հերթական արբիտրաժային հայցը՝ Հայաստանի դեմ. հայցվորը Fly Arna-ի 49 տոկոսի բաժնետեր Air Arabia-ն է


Հայաստանի դեմ հերթական արբիտրաժային հայցն է նախապատրաստվում. հայցվորը լուծարված Fly Arna ավիաընկերության 49 տոկոսի բաժնետեր Air Arabia-ն է, հաղորդում է Global Arbitration Review-ն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում. դեռ հայտնի չէ, թե որքան գումար է պահանջում արաբական ընկերությունը։

Fly Arna-ն վերջին թռիչքը այս հունվարին իրականացրեց, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի համաֆինանսավորմամբ ստեղված ընկերությունը ուղիղ մեկ ու կես տարի թռիչքներ իրականացրեց։ Fly Arna-ի գրասենյակներից մեկից հիմա արդեն գույքն են դուրս բերում ու հորդորում հարցերի դեպքում այլ վայր գնալ։

Կառավարությունից ամենաբարձր մակարդակով ամիսներ առաջ բաց տեքստով խոստովանեցին՝ ծրագիրը ձախողվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել։

«Ըստ էության նաև շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում և Fly Arna-ն մրցակցությանն ըստ էության չի դիմացել, բայց հարցի երկրորդ մասին նաև տեղյակ եք, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր Քաղաքացիական ավիացիայի հետ կապված, մասնավորապես, Եվրամիության սև ցուցակում հայտնվելը», - ասել է Փաշինյանը:

Թե ի՞նչ պահանջով է արաբական ընկերությունը պատրաստվում արբիտրաժային հայց ներկայացնել ու ի՞նչ հիմնավորումներով առայժմ չի հաղորդվում։ Fly Arna-ի վերջին թռիչքից մի քանի ամիս անց լուծարման ճանապարհը արդեն այն հիմնադրած ԱՆԻՖ-ը բռնեց։ Երկու ամիս առաջ կառավարությունը որոշեց ֆոնդի բոլոր բաժնետոմսերը Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտե։

Հստակ պարզաբանումներ, թե ինչո՞ւ են փակում 2019-ին ստեղծված պետական ֆոնդը, իշխանությունը չտվեց: Պաշտոնյաները միայն ասում են, թե ԱՆԻՖ-ում խնդիրներ են հայտնաբերվել, այն լավ չի կառավարվել։

Այս տարեսկզբին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց՝ ԱՆԻՖ-ում ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ֆոնդի գումարները արդյունավետ չեն օգտագործվել. օրինակ, ղեկավար կազմի պաշտոնատար անձինք զգալի պարգևավճարներ են ստացել, չնայած իրենց առջև դրված խնդիրները չեն կատարվել։ Թե ի՞նչ չափի ու որքա՞ն մեծ աշխատավարձերի, պարգևավճարների մասին է խոսքը, մինչ օրս դարձյալ չեն պարզաբանել։

Ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ էլ է հարուցվել, բայց ոչ մեղադրյալների, ոչ էլ չարաշահումների բնույթի մասին չեն հաղորդում։ Անցած ամիս լրագրողները հնարավորություն ունեցան էկոնոմիկայի նախարարին հարցեր ուղղել. Գևորգ Պապոյանը, սակայն, խուսափեց հստակ պատասխաններից:

«Ես գիտեմ, որ կան քրեական գործեր, նաև գուցե նախաքննական գաղտնիքի հարցեր կան, այսինքն իրավապահների տիրույթի հարց է, իսկ թե ինչպես է կառավարվել, ես ունեմ իմ կարծիքը՝ եթե լավ կառավարվեր, այսպիսի իրավիճակ չէինք ունենա», - ասել է Պապոյանը:

ԱՆԻՖ-ի լուծարման ֆոնին Հայաստանի դեմ մեկ այլ՝ 1.2 միլիարդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացվել։ Հայցվորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից Walnort Finance Limited -ն է։ Ընկերությունը պնդում է՝ որ իր իրավունքները խախտվել են։ Հայցը վերաբերում է այն գործարքներին, որոնցով Հայաստանի կառավարությունը բաժնետեր դարձավ պղնձամոլիբդենային կոմբինատում:

Ընկերությունը կառավարությանը մեղադրում է իրենց ներդրումային հնարավորությունը խաթարելու համար:

«Ներդրումային միջավայրի տեսանկյունից կարծում եմ՝ սա բացասական ազդեցություն կունենա», - ասաց տնտեսագետը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ չհաջողված նախագծերից հետո ներդրողները Հայաստանի կառավարության հետ համատեղ ծրագրեր ու ներդրումներ անելուց առաջ շատ ավելի երկար են մտածելու:

«Հայկական կողմն ի դեմ Հայաստանի կառավարության ցույց տվեց, որ վատ կառավարիչ ու մենեջեր է և նրա ֆոնդերը նույնիսկ երաշխիքներ չունեն երկարաժամկետ գործունեություն իրականացնելու՝ արդյունավետ գործելու տեսանկյունից», - նշեց Պարսյանը:

ԱՆԻՖ-ի Մեկ այլ խոշոր ծրագիր՝ «ԱՅԳ 1 » արևակայանն առայժմ թղթի վրա է մնում։ Համաֆինանսավորողը արաբական «Մասդար»-ը պետք է լիներ, մյուս ներդրողն էլ «ԱՆԻՖ»-ը։ Այժմ պետք է ընթանար կայանի շինարարությունը։

XS
SM
MD
LG