Մատչելիության հղումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ. ինչի՞ մասին է


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ Walnort Finance Limited -ը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ պնդելով, որ իր իրավունքները խախտվել են: Արբիտրաժային հայցը վերաբերում է այն գործարքներին, որոնցով նաև Հայաստանի կառավարությունն է բաժնետեր դարձել պղնձամոլիբդենային կոմբինատում:

Սա Հայաստանի դեմ ամենախոշոր արբիտրաժային հայցն է, որը Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնն արդեն գրանցել է:

Ինչի՞ մասին է Walnort Finance Limited-ի հայցը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնեմասեր ունեցող այս ընկերությունը թե՛ միջազգային արբիտրաժային այս հայցով, թե՛ նաև այլ դատական գործերով բողոքում է, որ երբ Պղնձամոլիբդենային կոմբինատի 75 տոկոսի հիմնական բաժնետերը՝ գերմանական Cronimet ընկերությունը վաճառում էր իր բաժնետոմսերը, իրենց պիտի տրվեր բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք, սակայն իրենք չեն կարողացել այդ իրավունքից օգտվել:

2021 թվականից սկսած կոմբինատի բաժնետոմսերի հիմնական մասը՝ 75 տոկոսն և ապա 12.5 տոկոսը՝ երկու փուլով գնել են ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ կապված ընկերությունները, ապա Տրոցենկոն այդ երկու գործարքներից հետո կառավարությանը նվիրել է ընդհանուր առմամբ կոմբինատի 21.8 տոկոս բաժնեմասերը:

Կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր Walnort Finance Limited -ն այժմ Հայաստանի կառավարությանը մեղադրում է իրենց ներդրումային հնարավորությունը խաթարելու համար:

«Վոլնըրթ»-ի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում, խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել Զանգեզուրի Կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելու», - նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանի կառավարությունը պետք է բացատրություններ ներկայացնի

Կառավարությունն այս մեղադրանքներին դեռ չի արձագանքել, մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:

Ավելի ուշ արձագանքել են միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից, նշելով, որ ստացել են իրավական վեճի և վեճը արբիտրաժի միջով լուծելու ծանուցումներ, և որ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում ի պատասխան ներկայացված պահանջների:

«Նման արբիտրաժային վարույթներ առաջին անգամ չեն ընթանում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, և Գրասենյակը շարունակում է ապահովել Հայաստանի Հանրապետության պատշաճ պաշտպանությունը նմանատիպ գործընթացներում, այդ թվում՝ միջազգային իրավախորհրդատուների ներգրավմամբ», - նշում է գրասենյակի հայտարարությունը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի նվիրատվությունը Կառավարությանը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, հասկանալի չէր, թե ինչո՞ւ է մասնավոր ընկերությունը որոշել նման նվեր անել պետությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում անդրադարձել է հարցին, օրինակ, դեռ նվիրատվությունից մի քանի ամիս առաջ՝ 2021-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ՝ «տեղական օլիգարխիկների փայերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցնելու են ժողովրդին ու կառավարությանը»:

Ապա նաև 2022 -ին պնդել էր, թե մոտ 4 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը չի կարող առանց պետության իրականություն դառնալ»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է՝ Հայաստանի կառավարությունը պետք է բացատրություններ ներկայացնի, այլապես հնարավոր է հետևանքներ լինեն:

Իսկ 1.2 միլիարդ գումարի հայցը շատ լուրջ թիվ է Հայաստանի համար:

«Հայաստանի պետական բյուջեն մոտավորապես կազմում է 8 միլիարդ դոլար, անշուշտ Հայաստանի տնտեսությունն ու բյուջեն ի վիճակի չեն այդ գումարը վճարել: Մենք տարեկան մոտավորապես այդքան պարտքի սպասարկման ենք հատկացնում», - նշեց Պարսյանը:

Ովքե՞ր են կառավարության դեմ հայց ներկայացրած Walnort Finance Limited ընկերության բաժնետերերը

Իսկ ովքեր են կառավարության դեմ հայց ներկայացրած Walnort Finance Limited ընկերության բաժնետերերը, որ տիրապետում են կոմբինատի 12.5 տոկոս բաժնեմասին:

«Սիվիլնեթ»-ի լրագրող Մկրտիչ Կարապետյանը, որ հետաքննությունների շարք ունի այս թեմայով, պարզել է, որ նախ մինչև 2018 թվականը այդ բաժնեմասերը կապվում էին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մերձավորների հետ: Ապա 2018 -ից հետո դրանք անցնում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիների հետ կապված ընկերությանը: 2020 թվականի գարնանը բաժնեմասերն անցնում են Վանեցյանների բիզնես գործընկեր Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար, Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին:

Անցած տարի, սակայն, Զուրաբովն իր բաժնեմասերը փոխանցել էր շվեյցարական Bell Capital իրավաբանական ընկերությանը, որը մասնագիտացած է հենց արբիտրաժային գործերում, և հետաքննող լրագրողը դեռ անցած տարի ենթադրել էր, որ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ է նախապատրաստվում:

XS
SM
MD
LG