Մատչելիության հղումներ

Ե՞րբ «արև կբացվի» Դաշտադեմի արևակայանների վրա․ ըստ կառավարության՝ նախագիծը չի կասեցվել


Թալին խոշորացված համայնքի Դաշտադեմ գյուղի անմշակ դաշտերի մի մասում արդեն պետք է տեսանելի լիներ 174 միլիոն դոլարի ներդրում՝ կատարված արաբական «Մասդար» ընկերության ու հայկական ԱՆԻՖ-ի՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից։

Արաբական «Մասդար» ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2019-ի դեկտեմբերին:

«Մասդար»-ի հայաստանյան գործընկեր ԱՆԻՖ-ի՝ ֆոնդի կայքից տեղեկանում ենք. - «Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, իսկ 2023-2024 թթ. ընկերությունը ակտիվ կներգրավվի ենթակայանի շինարարական աշխատանքներում: Ներկայումս ընթանում են կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները»։

Ստացվում է, որ արդեն 3 տարի է՝ նախապատրաստվում է շինարարությունը։ 2 ամիս առաջ ԱՆԻՖ-ից «Ազատության»՝ ԱՅԳ-1 կայանի ճակատագրի մասին հարցին պատասխանել են՝ «ընթանում են ծրագրի շինարարությանը նախորդող գործընթացները», դեռ չի ընտրվել շինարարական կազմակերպությունը այսինքն՝ առայժմ հայտնի էլ չէ՝ ով պետք է կառուցի արևակայանը։ Նախօրեին վերահաստատել են՝ 2 ամիս առաջ տված պատասխանից հետո ոչինչ չի փոխվել։

Արաբական «Մասդար»-ը էլեկտրակայաններ է կառուցել շուրջ 30 երկրներում։ Հայաստանի հետ կնքված հուշագրին գրեթե զուգահեռ արևակայան կառուցելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև Ադրբեջանի հետ, որտեղ կայանը ոչ միայն հասցրել են կառուցել, այլև արդեն շահագործվում է։

ԱՆԻՖ-ը վերահսկող էկոնոմիկայի նախարարությունից փոխանցում են՝ «ծրագիրը չի կասեցվելու, մնացած հարցերը քննարկումների փուլում են»։

Դաշտադեմի վարչական ղեկավարը տեսախցիկի առաջ հարցազրույց չտվեց, բայց ասաց՝ վստահ է ծրագիրը կիրականցվի։ Թե ինչ հիմք ունի նրա վստահությունը, պարզ չէ, քանի որ սկսվել է ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացը։

Ընդ որում՝ այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, այլ պարզ է դարձել անցյալ շաբաթվա կառավարության որոշումներից մեկի հիմնավորման տեքստից, ըստ որի այս տարվա մարտին վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԱՆԻՖ-ի հաշվետվությունը, որի արձանագրության պահանջն է՝ ընկերության գործունեության դադարեցումը։ Իսկ թե ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է լուծարվում ԱՆԻՖ-ը, բացատրություն չկա։

Մինչ այդ հայտնի է, որ միայն 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրինած ֆինանսական միջոցները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, որի մի մասը դրամաշնորհներ են, մեծ մասը՝ հարկատուների գրպանից։ Ի՞նչ արդյունքներ են տվել լուծարվող ֆոնդի այս ներդրումները, ի՞նչ է սպասվում այն բիզնես նախագծերին, որտեղ ԱՆԻՖ-ը բաժնետեր է։ Օդում կախված հարցերի պատասխաններն առայժմ որևէ պատասխանատու չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG