Մատչելիության հղումներ

Հազիվ մեջքներս ուղղել, ավտոբուսում կանգնել էինք, էլի կռացնում են. կրկին փակ էր Երևան-Աշտարակ մայրուղին


Քասախի ու Պռոշյանի բնակիչները նորից դուրս էին եկել Երևան-Աշտարակ մայրուղի և առավոտից մի քանի ժամով փակել այն։ Երևանին կպած այս երկու համայնքները սպասարկող մայրաքաղաքային 25 և 59 համարի ավտոբուսներին պետք է փոխարինեն երեք տարի առաջ մրցույթում հաղթած «Մուլտիտրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները։

Ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին և մրցույթի միակ մասնակիցն է եղել։

«Թողնեն անփոփոխ այն ամենը, ինչ կա, անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով՝ հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա, և հաշվի առնել համայնքի շահերը», - պահանջում են քաղաքացիները:

Այս ամսվա սկզբից բնակիչներին լսել են թե՛ կառավարությունում, թե՛ մարզպետարանում։ Սկզբնական պայմաններից նահանջ եղել է։ Օրինակ՝ Պռոշյան-Երևան 250 դրամ պիտի լիներ միկրոավտոբուսի ուղեվարձը, 200 են դարձրել, Քասախ-Երևանը՝ 200-ից՝ 150 դրամ։
Սակայն սա չի բավարարել ոչ մեկին, պահանջում են, որ մայրաքաղաքային տրանսպորտը նույն պայմաններով շարունակի մտնել իրենց համայնքներ։

Տարածքային կառավարման նախարարությունում բնակիչներին ասել են, որ մայրաքաղաքային ավտոբուսները կարող են մոտենալ միայն մինչև մայրուղի. գյուղ մտնել օրենքն արգելում է։

Պռոշյանցիներն ու քասախցիները հրաժարվում են իջնել իրենց հարազատ 25 և 59 համարի ավտոբուսներից ու փոխարենը նստել միկրոավտոբուս։ Ասում են՝ եթե ապրիլի 25-ի հանդիպմանը ևս լուծում չգտնվի, բողոքը կշարունակեն, իսկ ընտրություններին իշխանությանը ոչ մի ձայն չեն տալու։

«Հազիվ մեջքներս ուղղել, ավտոբուսում կանգնել էինք, մեզ էլի կռացնում են», - զայրացած ասացին նրանք:

Ակցիան դադարեցրին միայն այն ժամանակ, երբ ոստիկանության ներկայացուցիչը կառավարական շենքից առաջարկ փոխանցեց՝ «ապրիլի 25-ին շարժման կազմակերպիչները հրավիրվում են տարածքային կառավարման նախարարի մոտ»:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG