Երևանի անմիջական հարևաններ Կոտայքի Քասախ և Պռոշյան գյուղերի ավելի քան տասը հազար բնակիչներ փաստի առաջ են կանգնել. ահազանգում են՝ բնակավայրերը մայրաքաղաքին կապող երևանյան 25 և 59 համարի ավտոբուսներին շուտով պետք է փոխարինեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության միկրոավտոբուսները, որոնց սակագինն ավելի բարձր է:
«Մուլտի տրանսը» որ գա, մեզ ո՞նց է ապահովելու, 250 դրամ, ես 48 հազար դրամ պիտի վճարեմ ամսական, իմ երեխեքին չպահեմ, տամ մենակ տրանսպորտի համար: Էլ ինչի՞ եմ ժամանակ կորցնում, գնում աշխատանքի», - ասաց բնակիչներից մեկը:
Եթե այժմ քաղաքացիները մեծ «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով են երթևեկում ու 150 դրամ վճարելով տեղ հասնում, հնարավոր փոփոխությունից հետո միկրոավտոբուսներից կօգտվեն, իսկ դրանով մեկ ուղևորության արժեքը 200-ից 250 դրամ կկազմի:
Սպասվող փոփոխության մասին բնակիչներն անցած ամսվա վերջին են իմացել. Քասախի և Պռոշյանի վարչական ղեկավարների գրասենյակներն իրենց ֆեյսբուքյան էջերում նոր երթուղիների վերաբերյալ կառավարության հրամանն էին հրապարակել: Վրդովված քաղաքացիները պահանջում են գործող տարբերակն անփոփոխ թողնել: Նրանք ինչպես շաբաթ օրը, այսօր դարձյալ փողոց էին դուրս եկել՝ փակելով Երևան-Աշտարակ ճանապարհը:
Զայրացած քաղաքացիները հաշվել են՝ փոփոխությունից հետո իրենց ֆինանսական բեռը շեշտակի կմեծանա: Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Պռոշյան-Երևան միկրոավտոբուսների համար 250 դրամ սակագինը կգործի, այս գումարով մեքենաները նրանց մինչև Աջափնյակ կհասցնեն, այստեղից ստիպված կլինեն այլ ավտոբուս նստել ու ևս 150 դրամ վճարել:
«Աշխատողները մի կողմ, լավ, 1100 ուսանող իջեցրիք Ֆիզիկայի խաչմերուկ, ո՞նց են հասնելու կենտրոն: Խնդրում ենք, որ գոնե 25 համարի երթուղին մնա, համատեղ առաջարկում ենք՝ «Մուլտի գրուպն» էլ մտնի, ավելի լավ, ավելի լավ եթե ունենանք երկու տրանսպորտ, դա մեր շահերից է», - ասաց մեկ այլ բնակիչ:
Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը տարիներ առաջ հաղթել է Կոտայքի մարզում տրանսպորտային փոխադրումների մրցույթում, և ըստ կարգի՝ մարզում կանոնավոր փոխադրումներն իրենք պետք է իրականացնեն: Ոլորտը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է համակարգում:
Ճանապարհը փակած բնակիչները նախօրեին փոխնախարարին են հանդիպել, արդյունքներից, սակայն, գոհ չեն: Ասացին՝ վաղն էլ կառավարությունում հանդիպում կլինի, և եթե հետքայլ չանեն, բողոքի ակցիաները կշարունակեն:
Պռոշյան վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում նաև ժամանակացույց է հրապարակվել՝ Պռոշյան-Երևան երթուղին կաշխատի մինչ երեկոյան 19:00-ը: Թե այդ ժամից հետո գյուղի հազարավոր բնակիչներն ինչպես են երթևեկելու, պաշտոնյաների կազմած փաստաթղթերից պարզ չէ:
Պռոշյանցիների հետ «Ազատություն»-ն էլ առայժմ գործող 25 համարի ավտոբուսով այսօր Երևան վերադարձավ. մի քանի կանգառներից հետո ավտոբուսում նստելու տեղ չկար: Ուղևորները չեն պատկերացնում, թե ավելի փոքր մեքենաներով ինչպես են երթևեկելու: Նրանք սրտնեղում են՝ նման որոշումից առաջ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել:
Ոլորտը համակարգող Տարածքային կառավարման նախարարությունից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ առայժմ չեն ցանկանում: