Մատչելիության հղումներ

«2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության գործընթացի համար». Փաշինյանը վստահ է՝ կստանա քաղաքացիների աջակցությունը


«2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության գործընթացի համար», - Փարիզում Խաղաղության 8-րդ ֆորումի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահություն հայտնելով, որ մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժը կստանա Հայաստանի քաղաքացիների աջակցությունը՝ անկախ առկա մարտահրավերներից:

«Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Իհարկե, տարատեսակ մտահոգություններ կան, հիմա, գիտեք, ամբողջ աշխարհում խնդիրներ կան կապված ապատեղեկատվության հետ: Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք էլ ենք դա զգում և աշխատում ենք կառավարել դա: Բայց ընդհանուր առմամբ ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին ու հաստատված խաղաղությանը, և նրանք անպայման կաջակցեն դրան», - ասաց Փաշինյանը:

«Առաջ շարժվելու և TRIPP նախագիծն իրականություն դարձնելու համար որևէ խոչընդոտ չկա և չի լինի»

«Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը նա խոսեց նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացից, «Թրամփի ուղուց»: Հայաստանի վարչապետն առանց կոնկրետացնելու նշեց, թե գուցե լինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանի ուղիների բացմամբ, բայց իր համոզմունքն է, որ դրանից շահելու են բոլոր խաղացողները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը:

«Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի համաձայն, Ադրբեջանի հետ մեր հաղորդակցությունների բացման արդյունքում, և ես հուսով, որ այս շրջանակում կբացվեն նաև սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ի՞նչ մենք կունենաք ի վերջո. մենք կունենանք բաց հաղորդակացություն Պարսից ծոցի, Օմանի ծոցի հետ, հաղորդակցություն Կասպից և Միջերկրական ծովերի միջև: Հայաստանը կունենա երկաթուղային հաղորդակցություն Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ», - նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան հիշեցրեց՝ Ադրբեջանը վերջերս հայտարարել է, թե վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները: Հայաստանի վարչապետը սա կարևոր ու պատմական քայլ որակեց. - «Ես գնահատում եմ այդ քայլը, քանի որ դա իրապես պատմական որոշում էր Ադրբեջանի կողմից, և մենք նույնպես պատրաստ ենք բացել մեր հաղորդակցությունը Ադրբեջանի համար: Ես վերջերս հայտարարել եմ , որ մենք պատրաստ ենք ճանապարհ ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա բեռնատարների համար»:

Փաշինյանն ընդգծեց, թե իհարկե կան ուժեր, որոնք փորձում են TRIPP-ը ներկայացնել որպես արտատարածքայնություն, բայց դրա համար որևէ հիմք չկա, քանի որ TRIPP նախագծի մասին Խաղաղության հռչակագրում ամրագրված են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքները:

Հայաստանի վարչապետի խոսքով, այժմ ամերիկյան կողմի հետ ամենօրյա գրաֆիկով աշխատում են TRIPP նախագծի վրա` համաձայնեցնելու կոնկրետ ձևակերպումներ, պարագրաֆներ և այլն: Փաշինյանն ասաց, թե իր գնահատականն այն է, որ առաջ շարժվելու և նախագիծն իրականություն դարձնելու համար որևէ խոչընդոտ չկա և չի լինի:

Ի դեպ, TRIPP նախագծի իրականացման համար ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ:

«Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է»

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկմանը Հայաստանի վարչապետը խոսեց նաև Անկարայի հետ հարաբերություններից, պնդելով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ընդամենը ժամանակի հարց է, և դրա համար որևէ էական խոչընդոտ չկա:

«Հասկացանք, որ կարող է լինել ընդհանուր վտանգ մեր երկրների անկախությունների համար»

Ի դեպ, քննարկման մասնակիցներից մեկը հարց ուղղեց Փաշինյանին՝ ինչո՞ւ Ադրբեջանի հետ խաղաղությունը հնարավոր դարձավ հենց հիմա և ոչ ավելի վաղ:

Վարչապետ Փաշինյանն ասաց, թե դեռ վաղ է եզրահանգումներ անելու համար, բայց մի գործոն կա, որի մասին կցանկանար նշել. - «Վերլուծելով համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակը՝ միգուցե մենք և Ադրբեջանը հասկացանք, որ կարող են լինել ընդհանուր շահեր: Վերլուծելով պատմությունը՝ մենք կարող ենք տեսնել , որ Հարավային Կովկասի ճակատագրերը փոխկապակցված են: Գուցե մեզ համար հիմա ավելի տեսանելի է: Տասնամյակներ թշնամությունից հետո գուցե մենք սկսեցինք հասկանալ, որ կարող են լինել ընդհանուր շահեր, մասնավորապես՝ ամրացնելու մեր անկախությունը, սուվերենությունը, ինքնիշխանությունը»:

«Ի դեպ, 20-րդ դարի սկզբին՝ 1918-ին, մենք անկախություն ձեռք բերեցինք միասին, դրանից հետո մի քանի տարի անց կրկին միասին կորցրեցինք մեր անկախությունը՝ ես նկատի ունեմ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: 1991-ին մենք կրկին անկախություն ձեռք բերեցինք միաժամանակ և գուցե մի որոշ ժամանակ անց հասկացանք, որ կարող է լինել ընդհանուր վտանգ մեր երկրների անկախությունների համար, և մենք որոշեցինք կենտրոնանալ մեր պետականությունների վրա, մեր անկախությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու օրակարգի վրա»:

Ադրբեջանի հետ հենց այս փուլում խաղաղության հասնելու պատճառների իր վերլուծությունը ներկայացնելով, Փաշինյանը միաժամանակ շտապեց ընդգծել՝ այս նյուանսը չի քննարկել Ադրբեջանի հետ և չի կարող ասել՝ արդյոք իր այդ գնահատականին Բաքուն կհամաձայնի՞, թե՞ ոչ:

Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, մշտապես պնդում է, թե պարտադրել է խաղաղությունը՝ ռազմական հաղթանակ տանելով Հայաստանի նկատմամբ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG